Հայաստան Քաղաքական գլխավոր 

Արցախի մասին Փաշինյանի հայտարարությունը Սասուն Միքայելյանի հայտարարության շարունակությունն էր. Դավիթ Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական բանավեճն իջեցնել հայհոյանքի աստիճանի, դա շարքային սադրանք է, նրան չի հաջողվի, ես և իմ այսօրվա գործընկերները չենք իջնելու այդ մակարդակին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ ցուցակով ընտրությունների մասնակցող Դավիթ Շահնազարյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին, ով երիտհանրապետական էր անվանել Շահնազարյանի և վերջինիս մեղադրել համագործակցության մեջ մի ուժի հետ, ով փորձել է Արցախը հանձնել Ադրբեջանին:

Շահնազարյանի խոսքերով, Փաշինյանի հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Փաշինյանը բացարձակ հեռու է Արցախի հարցին տիրապետելուց. «Գիտե՞ք, անիմաստ հայտարարությունները մեկնաբանելու կարիք չունեմ: Եթե ցանկանում են, ես նրանց հրավիրում եմ բանավեճի հենց Արցախի հարցով: Հրավիրում եմ Նիկոլ Փաշինյանին, ԱԳ նախարարին, կամ որևէ մեկին, ով կհայտարարի, որ այդ հարցում ներկայացնում է ներկայիս կառավարությունը»:

Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների հասցեին Փաշինյանի կողմից արված հայտարարություններին, Շահնազարյանը նշել է, որ չի ցանկանում որևէ ածական օգտագործել, բայց կարծում է, որ դա իմպուլսիվ հայտարարություն չի եղել. «Ես կարծում եմ, որ դա բավական լավ մշակված, էքսպրոմտի տեսքով ներկայացված հայտարարությունն էր և նույն շղթայում է, որը սկսվեց Սասուն Միքայելյանի հայտարարությունից: Դուք համոզվեցիք, որ Արցախի Հանրապետության ղեկավարությունը բավական սարնասիրտ է և այդ թեթևամիտ, սադրիչ հայտարարություններին չպատասխանեց: Փաշինյանն ու իր թիմը փորձում են հրապարակային բանավեճ, հրապարակայի հակադրություն ստեղծել Արցախի Հանրապետության իշխանությունների հետ, որոնք նման սադրանքի չեն տրվի, որովհետև ի տարբերություն ՀՀ ներկայիս իշխանությունների ունեն բարձր աստիճանի պատասխանատվություն»:

Հարցին, թե ինչու պետք է Փաշինյանը նման բան անի, Շահնազարյանը նշել է, որ պետք է այդ հարցն ուղղել նրան. «Նման ձևով որևէ մեկը Հայաստանում երբեք ոչ միայն Արցախի իշխանությունների, այլ նաև Արցախի որևէ քաղաքացու չի դիմել»:

Նույն շարքից