Հայաստան Քաղաքական 

Ծակերից դուրս չեք գալու մինչև քավարանով չանցնեք. Նիկոլ Փաշինյան

Իմ քայլը դաշինքի առաջին համար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եղվարդում քարոզարշավի շրջանակներում կրկին խոսեց Հայաստանում մեկնարկող տնտեսական հեղափոխության մասին, որը պետք է հաջորդի քաղաքական հեղափոխությանը և որի համար անհրաժեշտ է, որ մարդիկ վերափոխվեն:

Փաշինյանը վերափոխման մասով խոսեց իր օրինակի մասին՝ հայտարարելով, որ իր կյանքը սկսել է որպես մի քաղաքացի, ով ծխում էր ու ծխախոտը գցում գետնին. «Ես մինչև 2004 թվականը ծխում էի, հետո թողեցի ու հիմա բոլորին նույնն էմ խորհուրդ տալիս: Իմ վերափոխումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ուրիշի գցած աղբը վերցրեցի ու գցեցի աղբամանը: Նրանք երկու տարբեր մարդիկ են: Մեկը մարդ է, ով հարմարվում է իրականությանը, մյուսը մարդ, ով համարում է, որ իր ջանքով կարող է փոխել իրականությունը: Մեր իրականությունը փոխվեց, որովհետև ձեզանից յուրաքանչյուրն այն մարդն է, ով կարող է փոխել իրականությունը»:

Փաշինյանի խոսքերով, այսօր ոմանք հարցնում են, թե ինչ է փոխվել. «Հայաստանում այն է փոխվել, որ դուք ծակերն եք մտել ու չեք կարողանում դուրս գալ: Ու դուրս չեք գալու, մինչև քավարանի միջով չանցնեք ու օրինապաշտ քաղաքացի չդառնաք»:

Ինչ վերաբերում է կոռուպցիային, վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ այսօր էլ կաշառք վերցնելու դեպքեր լինում են, սակայն բոլորն էլ բացահայտվելու են: Փաշինյանը չի կարողանում հասկանալ նրանց, ովքեր նոր Հայաստանում կաշառք են տալիս, իսկ պաշտոնյաները, ովքեր կաշառք են վերցնում, վարչապետի պաշտոնակատարի խոսքերով, առնվազն ծալը պակաս պետք է լինեն:

Նույն շարքից