Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Չընտրվելու դեպքում կշարունակեմ ապրել այնպես, ինչպես ապրել եմ. Խաչիկ Բաղդասարյան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է  «Լուսավոր հայաստան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Խաչիկ Բաղդասարյանը:

Ինչպե՞ս ստացվեց, որ հետաքրքրվեցիք քաղաքականությամբ:

Միշտ էլ հետաքրքրվել եմ քաղաքականությամբ, իմ մասնագիտությունն է դա: Քաղաքագետ չի նշանակում քաղաքական գործիչ, դա նշանակում է քաղաքական գիտություններով զբաղվող, վերլուծող և այլն: Դրանից բացի, միշտ մեր ընտանիքում քաղաքական թեմաներով քննարկումներ և վերլուծություններ են եղել: Ինձ համար քաղաքականությունն անընդունելի էր, որովհետև կային քաղաքական խաղի որոշակի կանոններ,  որ դրանք ընդունելով և դրանց ենթարկվելով, կարող էիր մուտք գործել այդ խաղի մեջ և դառնայիր դրա անդամ: Հիմա այդ խաղի կանոնները փոխվել են, և ամեն ինչ պետք է նորից կառուցվի, դրա համար որոշեցի իմ ներգործությունն ունենալ մաքուր դաշտում և ինձ հուզող հարցերին,  խնդիրներին լուծում տալ: Հայրենիքիս օգնելու ցանկությունը մեծ է:

Հայաստանի քաղաքականության մեջ բացթողումներ կա՞ն և կոնկրետ ո՞ր բացթողումները կուզենաք շտկել:

Բացթողումներ միշտ էլ կան և դրանք լրացման կարիք ունեն: Հիմա նոր իրավիճակ է, և ոչ թե պետք է խոսել բացթողումներից, այլ պետք է խոսել, թե ինչպե՞ս ճիշտ գործել: Կարծում եմ, որ իշխանությունները պետք է բացթողումների վերաբերյալ խնդիրներ դնեն իրենց առջև և դրանց համապատասխան լուծումներ փնտրեն: Այդ ամենից հետո կանեմ իմ առաջարկները, տարբեր հարցերի շուրջ կներկայացնեմ իմ ծրագրային տեսլականը:

Ընտրվելու կամ չընտրվելու դեպքում ի՞նչ կփոխվի ձեր և ձեզ վստահող քաղաքացիների կյանքում:

Ընտրվելու դեպքում ժողովրդի առջև պատասխանատվությունն էլ ավելի կմեծանա, իսկ չընտրվելու դեպքում կշարունակեմ ապրել այնպես, ինչպես ապրել եմ:

ՖԲ-ի ձեր հրապարակումներից մեկում անդրադարձել եք ձեզ անհանգստացնող խնդիրներից մեկին՝ տարեց քաղաքացիներին կարևորելու խնդրին: Ինչպե՞ս եք տեսնում նրանց կարևորելու հարցը և արդյո՞ք նրանք այդ պակասն ունեն:

Շատ բաների մասին եմ խոսել ու դեռ շարունակելու եմ խոսել: Չընտրվելու դեպքում անգամ  ինձ անհանգստացնող երևույթներով զբաղվելու եմ, որովհետև դրանք իմ սրտից են գալիս: Իսկ ընտրվելու դեպքում ուրիշ մակարդակի վրա է լինելու այդ ամեն ինչը: Ինչքան մեծ լինի իմ հնարավորությունը, այդքան ավելի շուտ խնդիրներին լուծում կտրվի:

Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ տարեցները զբաղմունք չունենալու պատճառով ձանձրանում են: Պետությունը հնարավորություն պետք է ստեղծի ու տարեցներին զբաղվածություն ապահովի, որ իրենց կյանքի վերջին տարիները հետաքրքիր ապրեն: Նրանք պետք է զգան, որ հասարակության լիարժեք անդամ են:

Այլ երկրներում երիտասարդներն աշխատում են, իսկ տարեցները կյանքն են վայելում: Ես ցանկանում եմ, որ մեզ մոտ նույնպես լինի այդ մակարդակը: Նշել եմ նաև, որ տարեցների կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար պատրաստվում եմ հնարավորինս ամեն ինչ անել, որ չիրականացրած ծրագրերն ու տարիների փորձը կարողանան մատուցել հասարակությանը: Հասարակությունն էլ կարող է օգտվել այդ գիտելիքից՝ ապահովելով նրանց զբաղվածությունը, ինչպես նաև հնարավորություն տա մրցութային տարբերակով գաղափարների առաջարկմանը: Կազմակերպի փորձի փոխանակում, որ նրանց գիտելիքներն օգտագործենք մեր տնտեսությունն ու կրթական համակարգը զարգացնելու համար:

Գիտենք նաև, որ սպորտը առաջնայիններից է ձեզ համար: Շատ եք անդրադարձել նաև երեխաների կյանքում սպորտի կարևորության խնդրին, ձեր քայլն այս ոլորտում ո՞րն է լինելու:

Սպորտը կարևոր նշանակություն ունի ոչ միայն երեխաների, այլ նաև ցանկացած տարիքային խմբի համար: Երեխաները գտնվում են հեղհեղուկ վիճակում, և նրանց ինչ-որ բացասական երևույթի մեջ ներքաշելը շատ հեշտ պրոցես է: Ավելի ճիշտ է երեխաներին ծանրաբեռնել սպորտով, քան փողոցային կյանքին տրվելով, թողնենք, որ կործանեն ապագան: Եթե լինեն երեխաներ, ովքեր ուրիշ նախասիրություններ ունեն, ապա կարող ենք ուրիշ տարբերակներ առաջարկել:

Ինչո՞ւ հենց սպորտ, որովհետև դեռահասներն ունեն էներգիայի մեծ աղբյուր և դա կարող են սպառել սպորտային միջավայրում: Այդ միջավայրը նպաստում է, որ ձեռք բերեն ընկերներ, հասկանան՝ ինչ է նշանակում ընկերասիրությունը, դառնան ավելի ինքնավստահ ու հավասարակշռված, հավատան սեփական ուժերին, ապրեն կանոնակարգված: Սպորտը նպաստում է նաև որոշակի արժեհամակարգ ձևավորելուն, այդ ամենից զատ, սպորտով զբաղվելը տղաներին կօգնի չխուսափել բանակում ծառայելուց և հայրենիքի առջև  պարտքը կատարելուց: Երեխաների դաստիարակության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև սպորտը, դա երեխային օգնում է կտրվել փողոցային կյանքից և վտանգի տակ չդնել ապագան: Փողոցում գումար խնդրող երեխան իմ սրտում մեծ ցավ է առաջացնում, դրա համար պարտքս եմ համարում ազատել նրանց օգնություն խնդրող կերպարներից և օգնել, որ դրսևորվեն սպորտի աշխարհում՝ հասկանալով, թե ի՞նչ են ուզում և ո՞ւր են պատրաստվում հասնել:

Նոր իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

Չեմ ուզում ինչ-որ մեկին քննադատել, որովհետև նրանք դեռ նոր են, տեսնենք՝ ընտրություններից հետո ինչ փոփոխություններ կլինին: Միայն կցանկանամ անդրադառնալ հեղափոխության ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ պետք է տնտեսական զարգացման թռիչքային ծրագիր ստեղծեր՝ դա կլիներ ներդրումների տեսքով, վարկեր տրամադրելու տեսքով, որպեսզի քաղաքացիները կարողանան զբաղվել բիզնեսով: Ինչպես գիտենք, բիզնես ոլորտները լինում են խոշոր, փոքր և միջին, և յուրաքանչյուր բիզնես ունի պետական հովանավորչության կարիք, հատկապես փոքր և միջին բիզնեսները: Ցանկացած երկրում փոքր և միջին բիզնեսները պետք է գտնվեն կայուն վիճակում, որովհետև դրանք են հանդիսանում երկրի տնտեսության կարևորագույն չափորոշումներից մեկը: Իմ կարծիքով՝ փոքր և միջին բիզնեսները հարկային ու բանկային ոլորտների կարգավորման կարիք ունեն: Պետությունն այսօր առաջարկում է որոշակի տոկոսադրույքով վարկեր, բայց քաղաքացիներից քչերը կհամաձայնվեն նման պայմաններով վարկ վերցնել, ներդրումի և վարկերի տոկոսային համակարգի չափը մեծ է,  հետևաբար մեծ է նաև ռիսկը: Դրա փոխարեն կարող եմ առաջարկել  տնտեսության զարգացման իմ տեսլականը՝ կապված փոքր և միջին բիզնեսի զարգացման հետ:

Առաջարկում եմ կազմակերպել բիզնես ծրագրերի մրցույթներ և պետության հնարավորության չափով հատկացնել լիմիտային բյուջե, և այն բիզնես ծրագիրը, որը կհամարվի լավագույնը, դրա իրագործման համար կտրամադրվեն ցածր տոկոսադրույքով վարկեր:

Այս և մյուս հարցերի մասին, որն ինձ անհանգստացնում է, կարող եք համառոտ ծանոթանալ իմ ՖԲ էջում:

Օֆելի Իսրայելյան

 

 

 

 

Նույն շարքից