Վերջին 7 ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացին դարձել է ավելի վստահ, ուժեղ, լավատես, համոզված և դուխով: Այս մասին Նոր Հաճնում հայտարարեց Իմ քայլը դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը խոսեց նաև այն մասին, որ կիսաշոկային վիճակում է հայտնվել, երբ լսել է, որ մարդիկ խոսում են վախի մասին: Արձագանքելով ներկաներից մեկի հայտարարությանը, թե սևերը կարող են հետ գալ՝ վարչապետը կատակեց, թե սևերն իրենց գլխին սև են բերել, տեղ չեն թողել, որ հետ գան:
Իմ քայլը դաշինքի առաջին համարի խոսքերով, հիմա Հայաստանում վախի մթնոլորտ էլ չկա, ինքը հետևում է մամուլին և կարող է անել նման եզրակացություն. «Մենք գրողի ծոցն ենք ուղարկել վախի մթնոլորտը: Քաղաքացին իրավունք ունի և կարող է կայացնել իր որոշումը: Օրինակ այն պահին, երբ քաղաքացին կորոշի, որ մենք պետք է հեռանանք, մենք կհեռանանք»:
Ապա Փաշինյանը խոսեց իր ղեկավարած ուժի ծրագրային դրույթների մասին: Մասնավորապես, ժողովրդավարության մասով նա հայտարարեց, որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում հեղափոխություն է արվել, որպեսզի այլևս հեղափոխության անհրաժեշտություն չլինի, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իշխանության փոփոխության համար ստիպված չլինեն օրեր անցկացնել փողոցներում, այլ դա կանեն ընտրությունների ժամանակ. «Ժողովրդավարությունը մեզ համար արժեք է, մեր հավատամքն է, որևէ մեկը չպետք է դրսից գա ու մեզ բացատրի, թե ժողովրդավարությունն ինչ է: 2018 թվականին մենք ուրիշներին կարող ենք բացատրել, թե ինչ է ժողովրդավարությունը, որովհետև հայ ժողովուրդն արել է մի բան, որն իրեն նման իրավունք տալիս է: Միջազգային հարաբերություններում մենք լինելու ենք վստահելի գործընկեր, բայց ես բոլորի հետ շփումներում ասում եմ, որ որևէ մեկը չպետք է գա ու մեզ բացատրի, թե ինչն է լավ, ինչը՝ վատ: Մեր ժողովուրդն ունի այնքան կամք, պատմություն, ինտելեկտուալ կարողություն, որ կարող է ինքն իր համար պարզել, թե որն է լավ, որը՝ վատ: Մենք այլ տեղերից արժեքներ ներմուծելու անհրաժեշտություն չունենք: Մենք կարող ենք այլ տեղեր արժեքներ արտահանել, այդ թվում նաև ժողովրդավարության օրինակ ցույց տալ ժողովրդավար երկրներին: Սա մեծախոսություն չէ, սա այն է, ինչ մեր ժողովուրդը վաստակել է ապրիլ-մայիս ամիսներին, երբ ամբողջ աշխարհը ծափահարում էր ՀՀ քաղաքացուն, որը կանգնեց և հաղթեց»: