Քաղաքական 

Երկրների ղեկավարներից ես ամենաշատը շփվում եմ Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան

Հայ ռուսական հարաբերությունները, ինչպես եղել, այնպես էլ պետք է շարունակեն մնալ ռազմավարական-դաշնակցային, և մենք պետք է հետևողականորեն շարունակենք այդ գիծը: Այս մասին Աբովյանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն հայ-ռուսական հարաբերությունները:

Փաշինյանի խոսքերով, այդ ռազմավարական-դաշնակցային ասվածն ամեն օրվա հետ պետք է ավելի ու ավելի շատ բան նշանակի. «Մենք չպետք է ուղղակի հույս ունենաք, որ այդ բառակապակցությունը ցանկացած պարագայում իր իմաստը կպահպանի, դա նույնպես աշխատանք է պահանջում: Մեր կառավարությունը պատրաստ է այդ աշխատանքը կատարել, որպեսզի հայ-ռուսական հարաբերություններն իրոք նոր մակարդակի վրա բարձրանան, որովհետև մենք իրոք անհրաժեշտ ենք համարում ռազմավարական-դաշնակցային գործընկերության լրջագույն զարգացմանը և այդ բառակապակցությանը նոր ավելի կարևոր ու գործնական իմաստ հաղորդելը»:

«Իմ քայլը» դաշինքի առաջին համարը հայտարարեց, որ ողջունում է բոլոր այն հարթակները, որոնց նպատակը Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսություն ծավալելն է՝ հանրային, քաղաքական, տնտեսական առումով. «Երկրների միջև ռազմավարական-դաշնակցային հարաբերություններ հաստատելը չի նշանակում միայն շփումներ բարձր մակարդակի վրա: Ես որևէ այլ ղեկավարի հետ այնքան շատ չեմ շփվում, որքան դա անում եմ Ռուսաստանի նախագահի հետ, սակայն այդ շփումները պետք է լինեն նաև հանրային և մնացած բոլոր այլ  մակարդակով: Մենք պետք է նոր հարթության վրա բարձրացնենք մեր հարաբերությունները բոլոր առումներով: Մենք մեր օրակարգում ունենք այսպիսի կարևոր ու ամբիցիոզ խնդիր, որը լուծելու ենք ձեր մանդատով»:

Նույն շարքից