Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Աբովյանում քարոզարշավի շրջանակներում «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ, ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի կողմից արված այն հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանին ներդրումներ անելու համար անհրաժեշտ է ստանալ քվե, որով հնարավորություն կտրվի, որպեսզի նա այդ ներդրումները շարունակի․ «Այդ հայտարարությունը չի արտահայտում այն քաղաքական և տնտեսական իրավիճակը, որը կա Հայաստանում, նկատի ունեմ, որ քվեն և ներդրումն իրար հետ, մեր պատկերացմամբ, կապ չպետք է ունենան»։
Փաշինյանի խոսքերով, ներդրման և քվեի կապը նշելը ճիշտ չէ․ «Դա մի տեսակ հին Հայաաստանի սիմվոլ է, որովհետև հին Հայաստանի տնտեսական համակարգի առանձնահատկություն այն է, որ Հայաստանում ներդրողների 90 տոկոսին կարելի էր տեսնել խորհրդարանում։ Եվ մենք, մեր կառավարությունն ասել ենք, որ երաշխավորում ենք բոլոր ներդրումների անվտանգությունն՝ անկախ այդ ներդրողի քաղաքական պատկանելությունից։ Եվ ես կարծում եմ, որ ուղղակի կոռեկտ չէ ասել՝ ձայն տվեք, որ ներդրում լինի կամ ներդրում ենք անում, որ ձայն տաք, այդ տրամաբանությունը նոր Հայաստանի տրամաբանություն չէ, դա հին Հայաստանի տրամաբանություն է։ Մենք երաշխավորում ենք բոլոր ներդրումների անվտանգությունը, այդ թվում նաև պարոն Ծառուկյանի։ Մենք երաշխավորում ենք բոլոր ներդրողների և քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ»։
Փաշինյանը նշեց նաև, որ հեղափոոխության արդյունքում այսօր պատգամավորի թեկնածուների, գործարարների թիվը նվազել է ավելի քան 90 տոկոսով․ «Այսօր Հայաստանի խոշոր գործարարների 95 և ավել տոկոսը որևէ կերպ պատգամավորության թեկնածու առաջադրված չեն»։
Նա նաև ընդգծեց, որ վարչապետ ընտրվելուց հետո մի շարք գործարարների հետ տարբեր շփումներ է ունեցել և ընդամենը մեկ հարց է ուղղել․ «Ես նրանց, մասնավորապես Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված պատգամավորներին հարցրեցի՝ իրենց ինչի՞ն է պետք, որ առաջադրվում են պատգամավորի թեկնածու, և նրանցից ոչ բոլորը, մի մասը շատ անկեղծ ասում էին, որ իրենց ստիպել են առաջադրվել, ասել են գնալ այսինչ տեղամասում առաջադրվել, այսքան փող ծախսել, այսքան էլ ձայն ապահովել, հակառակ դեպքում կտեսնեն իրենց վերջը»։