Հայաստանում շատ կարևոր և հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Քասախում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Լուսավոր Հայաստան կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այսօր տեղի ունեցող իրադարձություններն ապագայում շատ մեծ նշանակություն են ունենալու:
Մարուքյանի խոսքերով, այսօրվա արածը վաղն իր ազդեցությունն է ունենալու բոլորի երեխաների վրա. «Կարևոր է, որ այդ գիտակցումը մարդիկ ունեն: Ակնհայտ է, որ մենք այլևս այն հասարակությունը չենք, որը կարող էր անտարբեր լինել, ապօրինությունների վրա աչք փակել: Մենք իրապես դառնում ենք քաղաքացիական հասարակությունը: Դա մարդակենտրոն հասարակությունն է, որտեղ մարդը բարձրագույն արժեք է»:
ԼՀԿ նախագահը հայտարարեց, որ լինելու են պատմական ընտրություններ. «Սա մեզ համար սարսափելի մեծ պատասխանատվություն է: Պետք է ամեն բան անենք, ամեն օր աշխատենք, որպեսզի մարդկանց այս հույսերն արդարացնենք: Մեր թեկնածուները մեկը մեկից լավն են, լուսավոր են, հայրենասեր են: Հնարավոր է մեկը մի քիչ լավ է ճառ ասում, մեկը՝ մի քիչ վատ, սակայն դեկտեմբերի 9-ին ճառ ասողների ժամանակներն ավարտվելու են: Գալիս է գործ անելու, հայրենասեր մարդկանց ժամանակը: Պետք է այնպես անենք, որ մեր տնտեսությունն ամեն օր զարգանա, համայնքները զարգանան»: