Մենք պետք է տարբերություն չդնենք ՔՊ-ից է, Լուսավորից է, Դաշնակցությունից է կամ Բարգավաճից է, մեզ համար բոլորը պետք է հավասար լինեն, մրցակցային լինեն, ով կարող է լավ անի, ես իրա ցավը տանեմ։ Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Աշտարակում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ ցանկացած քաղաքական ուժ, որը կարող է անել այնպես, որ ժողովորդի վիճակը լավ լինի, ինքն այդ ուժի կողքին կլինի:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե տնտեսական աճ կա, ԲՀԿ առաջնորդը նշեց, որ քաղաքացին այն պետք է զգա իր առօրյայում, ապրելակերպում, հագուկապում, սառնարանում: Նրա խոսքերով, առկա խնդիրները հնարավոր է լուծել, քանի որ սրանից բարդ իրավիճակներ էլ են եղել տարբեր երկրներում:
«Մենք շատ նախանձ ազգ ենք, ամեն մեկն անուն է դնում մյուսին: Խնդրեմ հավաքվենք առաջարկեք, թե ինչ սկզբունքով, ինչ մոտեցումով, ոնց եք անելու, ասեք բոլորս կանգնենք ձեր կողքը, միասնական այդ խնդիրը լուծենք։ Միայն ասելով չէ, մարդը պետք է դա ապացուցի, ներկայացնի»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:
Ծառուկյանը կարծում է, որ այսօր մեղքի տակ մտնել չի կարելի․ «Մարդիկ գիշերը մրսում են, չեն քնում, գազը կա չեն միացնում, լույսն են կիսատ միացնում, խանութներում պարտքեր ունեն, խնդիրներ ունեն, պետք է մարդը դնի իրեն դիմացինի տեղը»։