Հայաստանում քաղաքացու կարգավիճակը, մարդու ինքնազգացողությունը, իշխանության կարգավիճակը փոխվել են, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովրդին է պատկանում: Այս մասին Քաջարանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընտրություններով պետք է հաստատվի դա. «Մենք իշխանափոխություն արել ենք հեղափոխությամբ, բայց չենք արել ընտրություններով: Հայաստանում 1991 թվականից հետո տեղի չեն ունեցել ընտրություններ, որ ժողովրդի կամքը հստակ արտահայտվի, ինչը պետք է տեղի ունենա այս ընտրություններում»:
Փաշինյանը հիշեցրեց, որ իրենց անելիք աշխատանքը խրախուսելն է, ինչի շրջանակներում պաշտպանվելու են բոլոր ներդրումները՝ մանր և խոշոր, ինչը բերելու է նոր աշխատատեղերի բացման. «Բայց պետք է հատուկ ընդգծել, որ մարդու աշխատանքը նոր Հայաստանում երբեք չի կարող օգտագործվել նրա ազատությունները սահմանափակելու համար: Մենք դա թույլ չենք տա: Որևէ մեկն իրավունք չունի ՀՀ քաղաքացուն պարտադրել կամ հարկադրել որևէ ընտրության: Անցել են ժամանակները, երբ գործարանատերերը, տնօրենները, քաղաքապետերը, գյուղապետերը ՀՀ քաղաքացուն ասեն, թե նա ում ընտրի: ՀՀ քաղաքացին ինքնիշխան է, եթե որևէ մեկը կպարտադրի ընտրություն քաղաքաքացուն, նա մեր քաղաքական հակառակորդը կլինի»:
Ապա Փաշինյանը կատակեց՝ հայտնելով, որ հավաքվածները չզարմանան իր շարժումներից, քանի որ բարձրախոսն անընդհատ տոկը տալիս է, դրա համար է այդպիսի շարժումներ անում:
Վարչապետի պաշտոնակատարը ելույթ էր ունենում անձրևի տակ: