Հայաստանի և Իրանի հարաբարությունները միշտ գտնվել են բարձր մակարդակի վրա, այսօր էլ այդպես է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Կապանում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկու երկրների հարաբերությունները շարունակեն գտնվել բարձր մակարդակի վրա:
«Իրանի և Հայաստանի հարաբերություններում բարեբախտաբար կնճիռներ չկան: Բայց նաև հասկանալի են, որ քիչ չեն այն ուժերը, որոնք ուզում են ստեղծել այդ կնճիռները: Ես ուզում եմ, որ հույս ու համոզմունք հայտնել, որ և ՀՀ կառավարությունը, և Իրանի կառավարությունը կձեռնարկեն բոլոր միջոցները և կապահովեն Հայաստանի-Իրանի հարաբերությունների բնականոն զարգացումը: Սա մեր կառավարության համար առաջնահերթություն է, մենք ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար: Մենք գիտենք Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը, որը բավականան լարված է: Մենք համոզված ենք, որ ցանկացած միջազգային խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով, առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, ինչպես նաև առանց հարկադրանքի: Մենք հույս ունենք, որ իրադարձությունները կընթանան այդ ճանապարհով»,-ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հայտնեց, որ Հայաստանը միջոցներ է ձեռնարկում այդ թվում միջազգային գործընկերների աջակցությամբ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները բնականոն զարգացնելու համար. «Առաջիկայում Եվրամիության ֆինանսավորմամբ վերակառուցվելու է Իրանի հետ անցագրային կետը, և մենք ունենալու ենք ժամանակակից մաքսատուն, մաքսակետ, հսկիչ անցագրային կետ: Ես հույս ունեմ, որ այդ շինարարությունը, փոփոխությունն էլ ավելի կակտիվացնի մեր միջև հարաբերությունները: Ես գիտեմ, որ իրանցի վարորդները որոշակի դժգոհություններ ունեն Հայաստանում իրենց գործունեության պայմանների հետ, իսկ հայաստանցի վարորդները՝ Իրանում, բայց համոզված եմ, որ մեր երկրների կառավարությունները բարեկամության և ընկերության մթնորոտում այս հարցերը կքննարկեն ու լուծում կտան դրանց: Մինչ այդ պետք է ասեմ, որ բարեհաջող շարունակում են իրականացվել Իրանի և Հայաստանի միջև միջկառավարական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, համագործակցությունը՝ մասնավորապես էներգետիկ ոլորտում: Ես հույս ունեմ, որ մեր միջև տնտեսական նոր կապեր կհաստատվեն, առևտրաշրջանառությունը կմեծանա: Հայաստանը բաց է իրանական ներդրումների համար, և մենք հույս ունենք, որ նորանոր ներդրումներ կլինեն Հայաստանում այդ թվում նաև Իրանի քաղաքացի հանդիսաող մեր հայրենակիցներից»: