Զիբիլիքսի գործով 11 հոգի ՀՀԿ-ի շտաբից դատվում են, ու թող սա ազդակ լինի բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են ապօրինի եղանակով ՀՀ քաղաքացիների կամքն աղավաղել: Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Սիսիանում հայտարարեց Իմ քայլը դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով, կարող են լինել մարդիկ, ովքեր կփորձեն արջի ծառայություն մատուցել՝ ապօրինի կերպով ձայն ապահովել Իմ քայլը դաշինքի համար. «Իմ քայլը դաշինքին ոչ մի հարամ ձայն պետք չէ: Թող ոչ մեկ չփորձի մեզ ապօրինի ծառայութուն մատուցել, որովհետև այդ եղանակով ստացված թեկուզ մեկ ձայնը նվաստացում կլինի ինձ ու մեզ համար, ինչպես նաև հեղափոխության համար: Մենք պետք է թույլ չտանք ապօրինի ազդեցություն քաղաքացու կամքի վրա»:
Անդրադառնալով Սահմանադրության հարցին, Փաշինյանն ասաց, որ իրենք իրենց նախընտրական ծրագրում Սահմանադրության գլոբալ փոփոխության մասին որևէ բան չեն գրել. «Սահմանադրությունը, պետական կառավարման համակարգ փոխելը պետք է արդարացված լինի: Պատկերացնո՞ւմ եք ամեն ընտրությունից հետո Սահմանադրություն փոխենք: Այս Սահմանադրությունը ընդամենը 7 ամիս է գործում, թողնենք մի քիչ աշխատի: Եթե տեսնենք, որ պետք է կառավարման խորհրդարանական համակարգը փոխել ու վերադառնալ նախագահական համակարգին, դա կանենք: Եթե ժողովուրդը դա է ուզում, այդպես էլ կարվի: Բայց Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք պետք է անպայման փոխել: Օրինակ այսօր ասում է, որ ԱԺ պատգամավոր և նախարար կարող են լինել մարդիկ, ովքեր վերջին 4 տարում եղել են ՀՀ քաղաքացի և մշտապես բնակվել են ՀՀ-ում: Եթե պատգամավորի դեպքում այս մոտեցումն արդարացված է, գործադիրի պարագայում, կարծում ենք, որ սա որոշակի սահմանափակումներ է դնում սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգում ներդնելու հարցում: Մենք պետք է մտածենք, որ նույնիսկ պատգամավորի մասով նույնը վերանայելու մասին: Այսպիսի դրույթներ էլի կարող են լինել, սակայն Սահմանադրության անկյունաքարը կառավարման համակարգն է»:
Տեսակետներին, որ գործող համակարգը սուպերվարչապետական է, Փաշինյանը նշեց, թե լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն հակակշիռների ու փոխզսպումների հստակ մեխանիզմ ունենալու մասին, որպեսզի Հայաստանում բռնապետություն և անձնիշխանություն հաստատելու բոլոր հնարավորությունները սահմանփակվեն. «Բայց սրա ետևից գնալիս պետք է չխախտել իշխանության ուղղաձիգ բուրգը, որպեսզի երկիրը լինի կառավարելի: Պետք է հստակ լնի, թե ով է երկրի ղեկավարը: Այս սահմանադրությամբ հստակ է, որ երկրի եկավարը վարչապետն է, սակայն ես համաձայն եմ, որ պետք է լինի փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ»: