«Գագիկ Ծառուկյանն իր կուսակից համայնքի ղեկավարի եւ նախարարի միջոցով իրենով է արել հանքավայրը․
Պետության դերը քաղաքացու կյանքում արժևորվում է այնքանով, որքանով որ տվյալ պետությունը կարողանում է պաշտպանել և աջակցել տվյալ քաղաքացուն և նրա շահերը:
Այլ բառերով ասած, արդարության համար մղվող պայքարում անգնահատելի է պետության դերը: Բայց արդյո՞ք այն կա և գործում է: Որքանո՞վ էին նախկին իշխանությունները և այսօր արդեն՝ ներկա իշխանությունները հետամուտ մարդկանց խնդիրների և արադարացի պահանջներին: Սա հարց է, որ դեռևս կախված է օդում:
Դեռևս 2011 թվականի սեպտեմբերի 14-ին «ՄԵՏՊՐՈԳՐԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հաղթող է ճանաչվել կառավարության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի էրթիչի քվարցիտների տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման համար հայտարարված աճուրդում և ստացել լիցենզիա՝ 25 տարի ժամկետով: 2012 թվականի հոկտեմբերի 20-ին ընկերությունը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից ձեռք է բերել օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/297 թույլտվությունը:
Այն մակերեսը, որը հատկացվել է «ՄԵՏՊՐՈԳՐԵՍ»-ին գործունեություն իրականացնելու համար, կազմում է 7.6 հա, որի առյուծի բաժինը գտնվում է Եղեգնաձորի տարածքում, իսկ շատ ավելի փոքր մասը՝ Արփի համայնքի տարածքում: Արփի համայնքի հետ կնքվել է համապատասխան վարձակալության պայմանագիր, իսկ ահա Եղեգնաձորի քաղաքապետ ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը ոչ մի կերպ չի համաձայնել կազմել նմանատիպ պայմանագիր՝ նշելով, որ նպատակահարմար չի համարում: Սակայն Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ»ընկերությանը
Հարությունյանն այնուամենայնիվ տարածքը հանձնել է վարձակալության՝ որպես զուտ գյուղատնտեսական տարածք:
Այսպիսով, քաղաքապետը ցուցաբերել է խիստ խտրական մոտեցում, ավելին՝ նա նամակ-բողոք է հասցեագրել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին՝ նշելով, որ ընդերք օգտագործող «ՄԵՏՊՐՈԳՐԵՍ»-ն առանց վարձակալության պայմանագրի զավթել է հողատարածք և արդյունահանում է իրականացնում:
Նշենք, որ ընկերությունը տարիներ շարունակ խոշոր ներդրումներ է կատարել պետական բյուջե:
Նախարարության ստուգումներից հետո ընկերությունը զգուշացվել է, և 90 օրվա ընթացքում, համաձայն օրենքի պահանջի, Եղեգնաձորի տարածքում աշխատանքները դադարեցվել են:
2014 թվականից հանքարդյունահանումն իրականացվել է միայն ու միայն Արփի համայնքի տարածքում: Եվ չնայած այդ փաստին, 2017 թվականի հոկտեմբերի 13-ին նախարար Աշոտ Մանուկյանը հրաման է ստորագրել, որով կասեցվել է ընկերության հանքային իրավունքը: Որպես պատճառաբանություն նշվել է, թե իբր այն աշխատում է առանց հողհատկացման պայմանագրի:
«ՄԵՏՊՐՈԳՐԵՍ» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ վերականգնելու համար իր իրավունքները, սակայն դատական քննությունը դեռ չավարտված, դեռ ընթացքի մեջ՝ 2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նոր, արդեն ԲՀԿ-ական նախարարը՝ Արթուր Գրիգորյանը, թիվ 57-Ա հրամանով հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը հանձնել է «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին: Այսինքն Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցների միջոցով իրենով է արել հանքավայրը եւ իր բիզնես շահերի համար օգտագործում իրեն հասանելի լծակները, որոնք շրջանցում են օրենքը եւ ոտնահարում այլոց իրավունքները:
Այսօր դատական գործընթացը դեռ շարունակվում է, և դատարանը «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին ներգրավել է որպես երրորդ կողմ:
«ՄԵՏՊՐՈԳՐԵՍ»-ում քաջ գիտակցում են, որ գործադիր իշխանությունը չի կարող միջամտել դատական իշխանության աշխատանքներին, բայց և այնպես նրանք դիմել են նաև վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով և հորդորելով ստուգել նախարարության և Եղեգնաձորի քաղաքապետի վարչարարության օրինականությունը, սակայն մինչ օրս Փաշինյանը լուռ է:
Եթե այսօր նոր իշխանությունը հայտարարել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար, ուրեմն պարտավոր է հավասարաչափ մոտեցում ցուցաբերել բոլոր պաշտոնյաների և բոլոր գերատեսչությունների հանդեպ: Ընտրովի մոտեցումը կամ քաղաքական քմահաճությունները դարձյալ կարող են մարդկանց հանգեցնել այ մտքին, որ երկրում ամենաթողություն է՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը, իսկ ՀՀ արդարադատությունը շարունակում է մնալ թուք իրական արդարադատության երեսին»:
Քաղաքագետ, վերլուծաբան՝ Անի Կարապետյան