Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը կասկածվում է 14 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ:
Փաշինյանի խոսքերով, սա հերթական ապացույցն է այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարում պայքարը լինելու է հետևողական. «Այս գործի օրինակով ես ցանկանում եմ պարզաբանել, թե ինչու են կոռուպցիայի դեմ պայքարի գործերը տևում երկար: Այս գործի վերաբերյալ քաղաքացին հայտարարություն տվել է մոտավորապես 4-5 ամիս առաջ: Քանի որ այդ գործողությունները, ըստ քրեական գործի նյութերի և նախնական տվյալների, կատարվել էին օտարերկրյա բանկերի միջոցով, քրգործի քննությունը չէր կարող պատշաճ կերպով շարունակվել, քանի դեռ այդ պետություններից մեկից պաշտոնական պատասխան չէր ստացվել: Ես դեռ ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու հանդես եկած ժամանակ հայտնել եմ, թե ինչպես են կատարվում ընթացակարգերը: Այդ պատասխանը, որին մեր քննչական մարմինները սպասում էին, տևեց մոտ 4-5 ամիս»:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ՀՀ քննչական մարմինները գիտեին, թե ինչ պատասխան է գալու, սակայն պետք էր սպասել պաշտոնական պատասխանին. «Այս ընթացքում եղել է, որ ինչ-որ աղմկոտ քրեական գործ է հարուցվել, որից հետո մեղադրյալն ազատ է արձակվել դատարանի որոշմամբ: Դրանից հետո խոսակցություններ են տարածվել, թե շոու է արվել, պայմանավորվել են և այլն: Ես ուզում եմ ձեր աչքերի մեջ նայելով ուղիղ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարում կոմպրոմիս չի լինելու: Բացառված է, որ մենք ժողովրդի թիկունքում գործարքներ կնքենք որևէ հարցի վերաբերյալ: Ես չեմ ասում, որ իմ ամբողջ աշխատանքային օրն ուղիղ եթերում է լինելու, սակայն այն սկզբունքային պայմանավորվածություն պետք է ձեռք բերենք՝ թալանված գումարները պետք է կոպեկ առ կոպեկ ետ բերվեն»:
Փաշինյանը վստահեցրեց, որ այսօր դատական համակարգը գործում է կառավարությունից անկախ. «Բայց ունենք արդյո՞ք երաշխիքներ, որ այդ նույն դատական համակարգը գործում է նախկին տերերից անկախ: Սկզբունքորեն պետք է, որ այդպիսի ազդեցության լծակներ չլինեն: Բայց մենք հասկանում ենք, որ այսօրվա պաշտոնյաների մոտ 90 տոկոսը նշանակված են նախորդ համակարգի կողմից: Մենք խոստացել ենք, որ կադրային ջարդ չենք անելու, բայց այս ընթացքում ի հայտ են եկել և ի հայտ կգան խնդիրներ, որոնք օրենքով սահմանված կարգով կլուծվեն: Կոնկրետ Արամ Հարությունյանի գործով մտահոգություն կա, որ ԱԺ-ում քվորում չի լինի: Կարող է նման բան լինել, քանի որ խորհրդարանի մեծամասնությունն Արամ Հարությունյանի խմբակցության ներկայացուցիչներն են, և կարող են բոյկոտել, քվորում չապահովել կամ չքվեարկել Հարությունյանի գործում դատախազության միջնորդությանը: Ես հույս ունեմ, որ բոլոր պատգամավորները կներկայան, կգրանցվեն և չեն խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին: Մեր խմբակցության պատգամավորները կներկայան: Սակայն եթե հարցն այս խորհդարանում չլուծվի, այն լուծվելու է հաջորդ խորհրդարանի կողմից: Ես այս փուլում կոչ եմ անում չհավատալ այն բամբասանքներին, թե մենք ժողովրդի թիկունքում պայմանավորվածություններ ենք ձեռք բերում»:
Փաշինյանը նաև խոսեց ԶՈւ-ի մասին՝ հայտարարելով, որ խնդիր կա առաջիկա 5 տարվա ընթացքում Զինված ուժերի վրա ծախսել 2,5 միլիարդ դոլար, որը պետք է վճարեն հանրությանը հայտնի կոռուպցիոներները. «Եթե նրանք դա անեն կամավոր, մենք դա հաշվի կառնենք»։