Քաղաքական 

Հայաստանում որոշ քաղաքական ուժեր հարվածում են երկրի Ազգային անվտանգությանը. Նիկոլ Փաշինյան

Երբ ես վարչապետ ընտրվեցի, Ադրբեջանն արագ հայտարարեց Նախիջևանում 11 հազար հեկտար տարածք ազատագրելու մասին: Ցավալիորեն Հայաստանում եղան ուժեր, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար տուրք տվեցին այդ ապատեղեկատվությանը: Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Արարատում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հույս հայտնեց, որ արարատցիները հենց սկզբից են իմացել, որ դա կատարյալ անհեթեթություն է. «Հայաստանի Զինված ուժերը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա վստահորեն շարունակում են պահպանել մեր անվտանգությունն ու սահմանները: Ովքեր եղել են առաջնագծում, գիտեն, որ դիրքերը սեզոնային փոփոխությունների են ենթարկվում: Ըստ էության, կարող ենք արձանագրել հետևյալը, որ ՀՀ Զինված ուժերը շարունակում են տիրապետել ռազմավարական նախաձեռնությանը: Սրանոմ համոզվելու համար, մոտ 15 օր առաջ եղել եմ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում և համոզվել եմ դրանում»:

Ապա Փաշինյանը կոչ արեց ծափահարել սահմանին կանգնած զինվորներին. «Մարզպետն ուզում է, որ ավելի մանրամասն ու ոգևորող տեղեկություններ տամ այս հարցում, սակայն ես չեմ կարող, դա գաղտնիք է»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ՀՀ յուրաքանչյուր զինծառայող պետք է հստակ արձանագրի, որ ոչ միայն ՀՀ կառավարությունը, այլ նաև ՀՀ ժողովուրդը՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում գիտակցում են, որ առաջիկայում զինվորների ծառայության պայմանները պետք է էականորեն բարելավվեն՝ սկսած սնունդից մինչև զինամթերք. «Մենք հստակ գնում ենք այդ ուղղությամբ: Ես կոչ եմ անում չհավատալ այն սադրիչ լուրերին, որոնք ոմանք քաղաքական էժան դիվիդենտներ շահելու համար անում են: Ես շատ կողմ եմ, որ կառավարությանը քննադատեն, դա կարևոր է: Բայց չի կարելի սեփական նեղ քաղաքական շահերի համար սուտը տարածել և հարվածել Ազգային անվտանգությանը: Այսօր քաղաքական ուժեր կան, որոնք այդ ճանապարհով են գնում: Ոմանք փորձում են մեզ մեղադրել Արցախի դեմ դավադրությունների մեջ ներգրավված լինելու համար: ՄԵնք կարող ենք հասկանալ նաև նախընտրական տրամաբանությունը, սակայն երբ այդպիսի մեղադրանքներ են առաջադրվում, դա արդեն միայն քաղաքական հարթակում քննարկման առարկա չէ: Այդ մարդիկ, պետք է գնան և համապատասխան մարմիններին տան բացատրություններ:

Ասում են, թե այս հեղափոխությունը դավադրություն է Արցախի ու Հայաստանի դեմ: Պահանջեք, թող բացատրեն, թե ինչ դավադրություն է: Դա իհարկե սուտ է, որովհետև հեղափոխությունն արել է ժողովուրդը, եթե որևէ մեկը հեղափոխությանը մեղադրում է Արցախի և Հայաստանի դեմ դավադրության մեջ, ուրեմն նա ժողովրդին է մեղադրում Արցախի և Հայաստանի դեմ դավադրության մեջ: Մենք ասել ենք, որ Արցախի լուծող-չլուծողը ժողովուրդն է, ոչ թե կառավարությունը և ինչ կառավարություն էլ լինի, չի կարող ժողովրդի թիկունքում լուծում տալ:

Ենթադրենք մի կառավարություն այդքան տուպոյ եղավ ու գնաց նման դավադրության, բա հետո՞, ետ չեն գալո՞ւ: Էտ դուք եք, որ բանակցությունների գնալիս մտածել եք ձեր բիզնեսի մասին: Հիմա էլ ՀՀ արտաքին քաղաքականությունն է քննադատում: Հայաստանում այսօր ձևավորվել է մի կառավարություն, որի վրա կոմպրոմատ որևէ մեկը չի կարող ունենալ՝ ի տարբերություն նախորդների: Ես հստակ ասում եմ՝ չկա երկրագնդի վրա այնպիսի ուժ, որը կարող է ազդեցություն ունենալ մեր կառավարության վրա, այդ միակ ուժը ՀՀ քաղաքացին է ու հայ ժողովուրդը: Ուրիշ որևէ մեկը գլուխը պատին կտա, թե նման բան կանի»:

Նույն շարքից