Հեղափոխությունից հետո ես տեսնում եմ, որ մարդկանց մոտ հույս ու հավատ կա, բոլորը սպասում են, որ լավ է լինելու, այո, լավ է լինելու: Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ապարանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ոմ խոսքերով, այսօր պետք է տնտեսական հեղափոխություն անել՝ ներդրումներ արվեն, աշխատատեղեր ստեղծել, արտադրանք տալ, որպեսզի մարդիկ լավ ապրեն:
Ծառուկյանը նշեց, որ այսօր ոչ մի ոլորտում ներդրման ծրագիր չկա, պետք է դրանք մշակվեն. «Պետք է այնպիսի պայմաններ լինեն, որ ներդրողը ցանկանա գալ: Պետք է արտոնություններ տալ ներդրողներին, իսկ երբ մարդիկ աշխատատեղեր ունենան, հետո կարող ենք հարկել: Ձեր աչքի առաջ Էմիրաթները 20 տարվա մեջ դարձավ աշխարհի ամենագեղեցիկ պետությունը: Հարկ չեն վերցրել ազատ գոտի են ստեղծել, աշխարհի տարբեր երկրներից գնացել ու գործունեություն են ծավալել: Միայն Չինաստանը 220 միլիարդ փող է դրել, Անգլիան՝ 120 միլիարդ: Այս տարի արդեն հարկում են: Նույնն էլ մենք պետք է անենք»:
ԲՀԿ առաջնորդը խոսեց նաև կրթության ոլորտի մասին՝ հայտարարելով, որ այն ժամանակվա կրթական ծրագիրն այսօր Ամերիկան է օգտագործում, իսկ Հայաստանը Բոլոնյան ծրագիրն է օգտագործում. «Մարդիկ ոսկե մեդալով դպրոց են ավարտում, կարմիր դիպլոմով համալսարան, բայց գործ չեն ունենում: Ամոթ է: Այնինչ հենց համալսարաններից պետք է ուսանողներին աշխատանքի առաջարկներ լինեն»: