Հենց Արտաշատում իր սկիզբն առավ մեր ժողովրդի քրիստոնեական ինքնությունը, երբ Տրդատ արքան Գրիգոր Լուսավորչին բանտեց խոր Վիրապի խորխորատում, որն այն ժամանակ արքունի պատժախուց էր, իսկ հիմա մեր սրբատեղիներից մեկն է: Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Արտաշատում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Իմ քայլը» դաշինքի առաջին համարը նշեց, որ ինքը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է. «Մենք պետք է հավատարիմ լինենք մեր քրիստոնեական արմատներին, պետք է քաղաքակիրթ ճանապարհով մերժենք այն տոտալիտար աղանդները, որոնք մարդուն զրկում են ազատությունից, ինքնուրույնությունից և ինքնիշխանությունից: Դա պետք է լինի մեր հաջորդ կարևորագույն խնդիրը»:
Խոսելով մեր ազգային միասնության մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ պատմության ընթացքում, դժնդակ պայմաններում կորցրել են ինքնությունը, ոմանք գտնվում են այդ կորստի եզրին. «Աշխարհում այսօր կան ծպտյալ հայեր: Այսօրվա Հայաստանը պետք է փարոս դառնա նաև նրանց համար, որպեսզի նրանք վերադառնան իրենց ինքնությանն ու արժեքներին: Հայաստանը պետք է կատարի իր այդ պատմական առաքելությունը»:
Փաշինյանը հայտնեց, որ շատ հայեր, որոնք գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում, ոգևորված է Հայաստանում տեղի ունեցածով, քայլ առ քայլ վերադառնում են իրենց արմատներին. «Ես ուզում եմ առանձնահատուկ խոսել մեր երկրում ապրող մեր եղբայրների՝ եզդիների, ասորիների, քրդերի, ռուսների մասին, որոնք 27 տարվա ընթացքում ապացուցել են իրենց հավատարմությունը ՀՀ պետականությանը և հպարտորեն կրում են ՀՀ անձնագիրը: Մենք ձեզ ընդունում ենք որպես հարազատ եղբայրների»: