Հայաստան Քաղաքական 

Արամ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանուն եւ Գեղարքունիքի մարզպետին հրաժարականի դիմում է ներկայացրել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը: Այս մասին հայտնում է  «Արմենպրես»-ը:

Գործակալությանը Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Զարոյանը հայտնել է, որ ողջ աշխատակազմի, Վարդենիս համայնքի բնակչության համար կատարյալ անակնկալ է եղել Արամ Հարությունյանի հրաժարականը, որը հայտնի է դարձել միայն այսօր առավոտյան:

«Հրաժարականի մասին իմացել ենք միայն այսօր առավոտյան, աշխատանքի գալուց հետո: Դիմումները ներկայացված են ավագանու եւ Գեղարքունիքի մարզպետի անուններով, որոնցում որպես հրաժարականի հիմնական պատճառ նշված է ընտանեկան դրությունը: Վաղը հրավիրված ավագանու նիստում քննության կառնվի համայնքի ղեկավարի դիմումը: Ամեն դեպքում, մեզ այդ հրաժարականի մասին որեւէ լուրջ պատճառ հայտնի չէ: Եթե Արամ Հարությունյանը ետ չվերցնի հրաժարականի դիմումը, ապա մեզ մնում է սպասել ՀՀ կառավարության որոշմանը եւ շարժվել օրենքով սահմանված կարգով»,-ներկայացրել է Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Արամ Հարությունյանը Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել 2017 թվականի նոյեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում եւ պաշտոնավարել 1 տարի: Հիշեցնենք, որ Վարդենիս համայնքի վարչական կազմում են ընդգրկված Վարդենիս քաղաքը, Այրք, Վերին Շորժա եւ Ներքին Շորժա գյուղերը:

Խոսրով Խլղաթյան

 

Նույն շարքից