Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը երեկ խոսել է դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի մասին, սակայն մի փոքր թյուրըմբռնում կա իր՝ Ռուսաստան այցելել-չայցելելու մասով. «Ես երեկ ասացի, որ ՌԴ նախագահն ինձ հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ՀԱՊԿ գագաթաժողովը չանցկացնել՝ մինչ այդ աշխատանքային կարգով քննարկելով գլխավոր քարտուղարի հարցը: Բայց մենք միևնույն ժամանակ ունենք դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ, որը տեղի է ունենալու, ես մեկնելու եմ ու մասնակցելու եմ դրան»:
Փաշինյանը նշեց, որ դեկտեմբերի 4-ին ամփոփելու է մարզերում իրականացվող քարոզարշավը, որից հետո մեկ օր քարոզարշավ կիրականացվի Երևանում. «Իսկ դեկտեմբերի 7-ին երկրաշարժի 30-րդ տարելիցն է: Այդ օրը մենք քարոզչություն չենք իրականացնի, ես կլինեմ աղետի գոտում, տեղի կունենա կառավարության արտագնա նիստ: Ես կայցելեմ նաև Սպիտակ ու Վանաձոր»:
Ամփոփելով քարոզարշավից ստացած տպավորությունները՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ իր տպավորությամբ, այսօր ավելի վճռական ու ավելի դուխով է, քան՝ ապրիլ-մայիս ամիսներին, ու որևէ կասկած չկա, որ դեկտեմբերի 9-ին հաստատվելու է ՀՀ քաղաքացու ջախջախիչ հաղթանակը կոռուպցիայի, ապօրինության անցյալի նկատմամբ: