Առողջապահություն Հասարակություն 

Երևանում բացվել է ՁԻԱՀ-ի ԿՀԿ հիմնանորոգված նոր լաբորատորիան

analitik.am

Արդեն 30 տարի է, ինչ դեկտեմբերի 1-ը ողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր։ Հայաստանը ևս անմասն չի մնում և օրվա շրջանակներում տեղի են ունեցել բազմաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակը խնդրի նկատմամբ հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրելը, իրազեկումը և կանխարգելման աշխատանքներում նոր կազմակերպություններ, անհատներ ներգրավելն է։

Օրվան ընդառաջ, Հայաստանը միանալով  ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվան, անցկացվել են հանրային միջոցառումներ, որի ընթացքում ցանկացողները հնարավորություն են ունեցել անցնելու ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն, որն ուղեկցվել է նաև խորհրդատվությամբ: Հյուսիսային պողոտայում` «Իմացի'ր կարգավիճակդ» ակցիայի շրջանակներում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նույնպես թեստավորվել է հեպատիտ Ց-ի, Բ-ի և ՄԻԱՎ-ի վերաբերյալ կարգավիճակը պարզելու համար:

Միաժամանակ, հանրությանն առաջին անգամ ներկայացվել է սոցիալական հոլովակ, որը նպատակ է ունեցել պարզելու հանրության վերաբերմունքը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների նկատմամբ: Հոլովակը հասանելի է հետևյալ հղմամբ:

Ինչպես նաև, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում բացվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնանորոգված նոր լաբորատոր ենթակառուցվածքը, որին մասնակցել են առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

«Հանրապետությունում եզակի այս կառույցը ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշում իրականացնող ռեֆերենս լաբորատորիա է, որտեղ իրականացվում են ՄԻԱՎ վարակով պացիետնենրի իմունային կարգավիճակի որոշում, ինչպես նաև կլինիկալաբորատոր, կենսաքիմիական, ախտորոշիչ և բուժման համար անհրաժեշտ մի շարք այլ ցուցանիշների որոշման,  նաև ուղեկցող վարակների հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ»,- ողջունելով միջոցառման մասնակիցներին ասել է Արսեն Թորոսյանը և հաջողություն մաղթել անձնակազմին` ամենօրյա պատասխանատու աշխատանքում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, մասնավորապես UNAIDS- ին և նրանց ոչ կառավարական սեկտորի գործընկեր «СПИД-инфосвязь»-ին, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին` արդյունավետ և մասնագիտական աշխատանքի համար»,- ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Այնուհետև հյուրերը շրջել և ծանոթացել են ՁԻԱՀ ԿՀԿ ռեֆերենս լաբորատորիայի պայմաններին:

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդելու ոլորտն անվերապահորեն կարելի է դասել շարունակաբար ձեռքբերումներ և նշանակալի արդյունքներ արձանագրող ոլորտների շարքին: Դրանում կարևոր դերակատարություն ունեն երկրում գործող ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողության, հետազոտության և խորհրդատվության, լաբորատոր հետազոտությունների որակի հսկողության, մոնիտորինգի և գնահատման արդյունավետ համակարգերը:

Հայաստանն աշխարհի 4 երկրներից մեկն է, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավաստել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը: Դա կարևոր քայլ է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին, որն ուղղված է ապահովելու բարեկեցություն և առողջություն բոլորի համար։

 

Նույն շարքից