Իրավական Հասարակություն 

Ոստիկանապետը հորդորել է ապօրինություն հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը

analitik.am

Ոստիկանության պետի դեկտեմբերի 3-ին նախատեսված հաջորդ աշխատանքային այցը Տավուշում էր։ Վալերիյ Օսիպյանը ԱԺ առաջիկա ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով Տավուշում առաջադրված թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին ևս ներկայացրեց հանդիպման նպատակներն ու քննարկվելիք հարցերի կարևորությունը։ Ոստիկանության պետը նշեց, որ համակարգի ջանքերը ազատ և թափանցիկ ընտրություններ ունենալու առումով ավելի արդյունավետ կլինեն, եթե նախընտրական շրջանում և ընտրությունների օրը թեկնածուներն ու տեղի ոստիկանները ակտիվ համագործակցեն՝ միասնական հակազդելով ցանկացած ապօրինության։ Վալերիյ Օսիպյանը առանձնահատուկ անդրադարձավ օրինախախտումների նախականխմանը՝ ընդգծելով, որ ոստիկանությունը, այդ թվում՝ Տավուշի մարզային վարչությունը, իրականացրել և իրականացնում են կանխարգելիչ ակտիվ աշխատանք։ Ոստիկանության պետը ներկաներին հորդորեց, որ ապօրինություն հայտնաբերելու դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնեն ոստիկանությանը՝ վստահեցնելով, որ Տավուշի ոստիկանները կարձագանքեն արագ և համապատասխան գործողություններ կիրականացնեն։

Վալերիյ Օսիպյանն Իջևանում հանդիպեց նաև մարզը սպասարկող ոստիկաններին՝ մանրամասն ներկայացնելով իր պահանջները։ Ոստիկանության պետը անձնակազմին հայտնեց, որ չի հանդուրժելու անբարեխիղճ ծառայողներին։ Բոլորը մեկ մարդու պես պետք է պատրաստակամ ու սրտացավ ծառայեն՝ բացառելով ընտրական գործընթացների վրա հակաօրինական ներգործությունները, իսկ դրանց առկայության դեպքում պետք է օպերատիվ բացահայտեն ու համապատասխան ընթացք տան։ Վալերիյ Օսիպյանը Տավուշի ոստիկաններին հրահանգեց, որ իրենք էլ բացատրական-կանխարգելիչ աշխատանք իրականացնեն՝ բոլորին հավաստիացնելով, որ հետևողական են լինելու օրենքով արգելված գործողությունները հայտնաբերելու առումով։ Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին նաև ընտրությունների օրը ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայությունը օպտիմալ կազմակերպելուն վերաբերող հարցեր։

Նույն շարքից