Քաղաքական 

Հաջորդը Փաշինյանը հայտարարելու է, որ Արցախը խանգարում է հեղափոխությանը. Դավիթ Շահնազարյան

Սեպտեմբերի 27-ի իր վերելակային հանդիպումից հետո մեր վարչապետը որևէ քննադատական խոսք չի ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին, ում կիրթ մարդ է անվանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող Դավիթ Շահնազարյանը:

Շահնազարյանը նշեց, որ այդ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի նախագահը շարունակում է իր հռետորաբանությունը, ժամանակն օգտագործել է ինչպես Արցախի հետ սահմանին, այնպես էլ Նախիջևանում նոր դիրքեր կառուցել, ապահովել դրանց կենսունակությունը: Շահնազարյանը պնդում է, որ կառուցված դիրքերի գոնե մի մասը, եթե ոչ բոլորը, հարձակողական բնույթ ունեն:

Բանախոսի խոսքերով, Ադրբեջանի նախագահի հասցեին որևէ բան չի ասվում, իսկ դրան զուգահեռ կա հայտնի հռետորաբանությունը Բելառուսի և Ղազախստանի նախագահների մասով. «Ինչ է կատարվում: Ադրբեջանը հարձակում է նախապատրաստում Արցախի վրա մի կողմից, իսկ Փաշինյանը քաղաքական հարձակում է սկսել Արցախի ղեկավարության վրա այս կողմից: Ես հեռու եմ այն մտքից, որ սա այսպես կոչված անփորձության հետևանք է: Սա քաղաքականություն է, ինչի համար որոշ ուժեր նպաստել են, որ նա գա իշխանության»:

Շահնազարյանի խոսքերով, Փաշինյանը հենց առաջին օրվանից հասարակությունը բաժանում է երկու մասի՝ սևերի և սպիտակների, հեղափոխությունն ընդունողների և չընդունողների, որտեղ վերջիններս թշնամիներ են. «Այս քաղաքականության բացահայտումը պատահական չէր: Սասուն Միքայելյանի հայտարարությունը ծրագրված էր, փոխարտգործնախարարի հայտարարությունը, որով նա կրկնեց Միքայելյանի ասածը և այն, որ վարչապետը կրծքով սկսեց պաշտպանել Միքայելյանին հանգեցրեց նրան, որ հասարակության ինչ-որ մաս նույնպես սկսեց պաշտպանել Սասուն Միքայելյանին և նրա այդ ասածը: Հասարակության մի մասին նա արդեն պատրաստում է, որպեսզի ընդունել տա այն, ինչն ինքն արդեն իրականացնում է: Նրան սկզբից խանգարում էին, այսպես կոչված կոռումպացվածները, որոնք մեծ մասն այսօր իրեն են ծառայում, խանգարում էր Սերժ Սարգսյան, ՀՀԿ-ն, որը շարունակում է խանգարել, այնուհետև քաղաքապետարանը, հետո ԱԺ-ն: Հաջորդը հայտարարելու է, որ հեղափոխությանը խանգարում է Արցախը, և հասարակության մի շերտն այս ամենն ընդունելու է»:

Նույն շարքից