Հարց տվեք Սասուն Միքայելյանի, թե ինչպես 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձրունքներն ինչպես զիջվեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը և ում էր ուզում Վազգեն Սարգսյանն ամենախիստ պատժին ենթարկել՝ գնդակահարել և ովքեր համոզեցին նրան դա չանել: Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:
ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող գործիչն ասաց, որ այդ մասին ինքը չի խոսի, թող պատմի Սասուն Միքայլեյանը. «Հարցրեք նաև, թե ինչ ստորաբաժանումներ են եղել, որոնք վերադարձրել են այդ դիրքերը, որոնց զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար, ճանապարհ էր բացվել մինչև Քարվաճառի խորքերը: Հունվարի 22-ից սկսվեց այդ դիրքերը ետ բերելու գործողությունները, որն իրականացնում էր ԼՂ ինքնապաշտպանական բանակի Ասկերանի գունդը և կցված ստորաբաժանումները: Այդ գնդի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր, իսկ գումարտակներից մեկի հրամանատարը՝ Արշավիր Ղարամյանը: Դուք այս գեներալներին ճանաչում եք: Վարչապետը, երբ սկսեց իր հարձակումն Արցախի իշխանությունների և հերոսների վրա, նաև այս հերոսներին նկատի ուներ: Չմոռանաք, այդ հարցերը կտաք Սասունին»:
Շահնազարյանը հայտարարեց, որ բաց բանավեճի է հրավիրում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, եթե վերջինս կարծում է, որ իր ասածները չեն համապատասխանում իրականությանը․ «Իսկ եթե նա չգա, նշանակում է, որ նա ընդունում է, որ իմ ասածները ճիշտ են»։