Քաղաքական գլխավոր 

Իրենց թվում էր, թե բոյեվիկ տղերք ենք, իսկ հիմա մկան ծակին տասը շահի են տալիս. Նիկոլ Փաշինյան

Այն, ինչը տեղի ունեցավ Հայաստանում, շատերն անհնար էին համարում, նրանք երկար տարիներ ներշնչել էին հանրությանը, թե իրենց դեմը խաղ չկա, որ իրենք ուժեղ բոյեվիկ տղերք են, իսկ հիմա մկան ծակին տասը շահի են տալիս: Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Աշտարակում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը խոսեց նաև Արամ Հարությունյանի գործի մասին, հիշեցնելով, որ խորհրդարանում այսօր պետք է քննարկվեր երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կոռուպցիոն գործի հետ կապված հարց. «Պետք է քննարկվեր միջնորդությունը նրան որպես մեղադրյալ ներգրավվելու հարցում: 14 միլիոն դոլար, բա իրենք բեդնիհ տղերք չեն, պետք է 14 միլիոն լինի, 20, 30, 50: Բայց Ազգային ժողովում քվորում չկա, դրա համար էլ մենք այդ ազգային ժողովը ցրեցինք: Կապ չունի, դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո Հարությունյանն իր անձեռնմխելիությունը կկորցնի և քրեական գործի քննությունը կշարունակվի իր բնականոն հունով»:

Փաշինյանն առաջարկեց այդ 14 միլիոն դոլարի ֆոնի վրա նայել ճանապարհների, զինվորների, դպրոցների վիճակը․ «Մեզ դատի են տալիս ՀՀԿ-ին թալանչիների բանդա ասելու համար: Տեսնենք, թե ով ում դատի կտա: Հատ-հատ բոլոր սերմացու գողացող մկներին բերելու ենք դատարան: Եթե թվում է, թե այդ մկները դատարաններում ճտեր են դրել, ԱԺ-ն քաղաքական բարձրագույն մարմին է և կառավարությունն ունի բոլոր լծակները դատական համակարգում նույնպես հեղափոխություն անելու: ՀՀ դատական համակարգում մեծ թիվ են կազմում կոռումպացված դատավորները: Հատ-հատ պատասխան են տալու: Մարտի 1-ի գործով  ՄԻԵԴ-ն արդեն վճիռներ է կայացնում: Այդ դատավորներին թվում է, որ իրենք մարսելո՞ւ են: Ոչ մի չինովնիկ իր լափածն ու գողացածը չի մարսելու: Եթե կլինեն մեր իշխանության ժամանակ այդպիսի մուտանտներ, նրանց տեղն էլ է բանտում: Հատկապես հեղափոխությունից հետո այն չինովնիկը, որն իր պաշտոնը կծառայեցնի իր անձնական շահի համար, նրա պատիժը կրկնակի խիստ է լինելու: Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը դեկտեմբերի 9-ին նոր թափ է հաղորդելու ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը և մենք սկսելու ենք տնտեսական հեղափոխություն, որում պետք է յուրաքանչյուր քաղաքացի ստանձնի իր բաժին պատասխանատվությունը»:

Նույն շարքից