Երեկ ժամը 10.20-ի սահմաններում Մարալիկի վարչական տարածքի «Ծակ քար» կոչվող հատվածում ուսումնամարզական թռիչք իրականացնող «ՍՈՒ-25» մարտական ինքնաթիռի կործանմանը, որի պատճառով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանն ակամա ականատես է դարձել Իսահակյան գյուղի հովիվը՝ Համբարձում Սիմոնյանը։
Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմել է․ «Անցնում էի Լուսաղբյուրի տարածքով, անասուններին տարա վերև, ստույգ ժամը չնայեցի, բայց, երևի թե, ժամը 10-ի մոտ էր, երբ ինքնաթիռի ձայնը լսեցի, գնում էր ու վայրկյան չանցած՝ տարօրինակ ձայն հանեց։ Ուժեղ պայթյուն լսեցի, ոնց որ երկու վագոն խփեն իրար, շատ ուժեղ էր։ Ինքս ինձ ասի՝ վայ սամալյոտն ընկավ, երբ սկսեցին որոնողական աշխատանքները, ես արդեն մոտավոր տեղը գիտեի, ցույց տվեցի որտեղից, որ հատվածում է եղել, որտեղից էի ձայնը լսել։
Դա հին Ձորաշենի մոտ է, քանդված գյուղ կա, կողքի ձորերում է։ Մառախուղ էր, ծուխը չեմ տեսել, բայց ձայնը լրիվ լսել եմ ու բարձր ձայնով ինքնս ինձ ասել՝ վայ ինքնաթիռն ընկավ», -պատմել է Համբարձում Սիմոնյանը։
Մեր դեպքի վայրի մոտակայքում լինելու պահին այնտեղ աշխատում էին ոստիկաններ, քննիչներ, զինվորականներ։ Այնտեղ էին շտապում նաև տեղանքի բնակիչները, սակայն դեպքի վայրում աշխատող իրավապահները հորդորում էին մոտ չգնալ, քանի որ չեն կարողանա ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Նշենք, որ քաղաքացիներից մեկը կռիվ սարքեց, հայհոյանքների տարափ տեղաց իրեն առաջ գնալու հնարավորություն չտվող իրավապահներին։ Վերջիններս փնտրում էին նաև օդաչուների մարմնի մասերը, դեպքի վայրում աշխատում էր նաև շտապօգնության մեքենա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում