Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ես լրագրողներին պատմել եմ Արենի գյուղում: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Մետրոյում քարոզչություն անցկացնելու ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությանը:
Ավելի վաղ Ուշակովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվում է Հայաստանի խնդրանքով՝ կապված խորհրդարանական ընտրությունների հետ:
Դրանից առաջ, սակայն, Փաշինյանը նշել էր, որ նիստը տեղի չի ունենալու ՌԴ նախագահի առաջարկով, ով այդ մասին խոսել է իր հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանի կողմից խնդրանք կամ առաջարկություն չի եղել. «Մենք ասել ենք, որ ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար և հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ:
Ես բազմիցս ասել եմ, որ գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևոր հարցը չէ: Այդ համատեքստում շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում: Ամենակարևորը ՀԱՊԿ-ի էֆեկտիվության, անդամ երկրների փոխադարձ պարտավորությունների և դրանց կատարման մեխանիզմների, կազմակերպության առաջ անդամ երկրների պարտավորությունների, անդամ երկրների առաջ կազմակերպության պարտավորությունների հարցերն են: Գլխավոր քարտուղարի հարցը շրջադարձային և առանցքային չէ: Կան շատ ավելի լուրջ հարցեր»,-ասաց Փաշինյանը: