Քաղաքական Բարի օր 

Սասուն Միքայելյանը ստախոս է, այդ նա է ճողոպրել Օմարից. Դավիթ Շահնազարյան

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ Օմարն արդեն հանձնված է եղել, երբ ինքը տեղ է հասել և այն, որ 2008-ի մարտին իբր Շահնազարյանն իրեն խորհուրդ է տվել հրապարակ չգնալ, որովհետև պետական հրաման կա կրակելու մասին, ասաց, որ Միքայելյանը զանգահարել է իրեն. «Նա զանգել էր արդարանալու համար, ինչ-որ մարդու անուն էր տալիս: Ես ասացի, որ դա քո պրոբլեմն է ու անջատեցի: Սասունը ճիշտ այնպիսի ստախոս է, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է: Երկրորդ՝ այդ հարցի պատասխանն ինքը չէր կարող տալ, որովհետև եթե ճիշտ պատասխաներ, պետք է ասեր, որ ինքն է ճողոպրել Օմարից՝ այնպես, ինչպես երեկ Փաշինյանը ճողոպրեց ինձանից»:

Ավելի վաղ Շահնազարյանը հայտարարել է, որ պետք է հարցնել Սասուն Միքայելյանից, թե ով է հանձնել Օմարը, ում է ցանկացել գնդակահարել Վազգեն Սարգսյանը և ով է նրան համոզել դա չանել:

«Հիմա դիմում եմ Հրազդան քաղաքին և շրջակա գյուղերի բնակիչներին։ ՆԻկոլ Փաշինյանը Սասուն Միքայելյանին նշանակել է ձեր վրա հաուլայտեր: Դուք դա շատ ավելի լավ գիտեք, քան՝ ես: Դրա դեմն առնելու համար այսօրվա իշխող ուժն այնտեղ պետք է զրո ձայն ստանա: Ես կոչ եմ անում միահամուռ քվեարկել ՀՀԿ-ի օգտին, քանի դեռ Սասունը ճորտատիրական կարգեր չի հաստատել»,-հայտարարեց Շահնազարյանը:

Նույն շարքից