Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ Օմարի բարձրունքները հանձնել է Սասուն Միքայելյանը և հենց նրան է ցանկացել դրա համար գնդակահարել Վազգեն Սարգսյանը, ինչի մասին երեկ ինքը հայտարարել է:
Լրագրողի դիտարկմանը, որ Ղարաբաղ կոմիտեի անդամ Գառնիկ Գևորգյանը հայտարարել է, թե Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել ոչ թե Սասուն Միքայելյանին, այլ Սերժ Սարգսյանին, Շահնազարյանն ասաց, որ Ղարաբաղ կոմիտեի ոչ հրապարակված, ոչ գաղտնի կազմում նման անձնավորություն չի եղել. «Հիմա շատ կեղծ բաներ կասվեն: Ավելին ասեմ՝ այն փաստը, որ նման որոշում է եղել, շատերին է հայտնի: Սակայն ինչ-որ մարդիկ Վազգեն Սարգսյանին համոզել են դա չանել: Այդ մասին ինձ անձամբ ասել է նաև Վազգեն Սարգսյանը: Խնդրում եմ ինչ-որ մանր մարդկանց հայտարարությունների մասին հարցեր մի տվեք։ Ես ժամանակ չունեմ դրա համար»:
Ինչ վերաբերում նրան, որ ինքը իշխանություններին մեղադրում է պետական դավաճանության մեջ, սակայն փաստեր չի ներկայացնում, Շահնազարյանն ասաց, որ ինքն իրավական գնահատական չի տվել. «Ես 30 տարի ակտիվ քաղաքականության մեջ եմ ու որևէ անգամ դավաճան բառը չեմ ասել: Դա դուք ասացիք»:
Շահնազարյանը հայտարարեց, որ ինքը չի գնալու ԱԱԾ, իսկ եթե ուզում են, կարող են ծանուցագիր ուղարկել, ձերբակալել, կալանավորման օրդեր բերեն: