Այսօր առավոտյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն օրը սկսեց Մետրոպոլիտենում քարոզարշավ իրականացնելով՝ դա ուղիղ եթերով ցուցադրելով ֆեյսբուքյան իր էջում:
Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանն Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Մետրոպոլիտենում առհասարակ նկարահանում իրականացնելու իրավունք չկա, որովհետև դա համարվում է ստրատեգիական օբյեկտ, սակայն եթե այդ մասին զգուշացվում է, բացառություններ արվում են. «Առավոտյան ինքս այդ ամենի մասին իմացել եմ նրա էջից: Երբ մտնում ենք Մետրոպոլիտեն, բոլոր հատվածներում ցուցանակ է փակցված, որ տեսանկարահանումն արգելվում է ֆոտո և վիդեո տարբերակով: Բայց քանի որ 21-րդ դարում բոլորի ձեռքում հեռախոս կա և բոլորն էլ կարող են նկարել, իսկ ուղևորահոսքի հետ կապված կառամատույցի աշխատակիցը չի կարող մոտենալ ու բոլորին տեսնել, հնարավոր չէ լիարժեք վերահսկել»:
Խաչատրյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով վարչապետի պաշտոնակատար, նկարահանում իրականացնելու իրավունքն ունի՝ թեկուզ լայվ անելով, բայց հարակից լրագրողները, ովքեր կողքից սկսել են նկարահանել, թույլատրություն չեն ունեցել. «Քանի որ նրանք եղել են Փաշինյանի հետ, մեր աշխատակիցները մտածել են, որ ունեն նկարահանում իրականացնելու թույլատրություն»:
Օֆելի Իսրայելյան