Դավիթ Շահնազարյանը, ըստ էության, մեզ մեղադրել է ինչ-որ ուժերի հետ Արցախի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ, ըստ էության, իրենց մեղադրում են հայ ժողովրդի դեմ դավադրության մեջ:
Ավելի վաղ Շահնազարյանը հայտարարել էր, որ ՀՀ գործող իշխանությունները վարում են «իշխանություն՝ Արցախի դիմաց» քաղաքականություն և նրանք ավելի վտանգավոր են Հայաստանի համար, քան՝ Ադրբեջանը: Երեկ Շահնազարյանը հրավիրվել էր ԱԱԾ, սակայն նա չի ներկայացել:
Փաշինյանի խոսքերով, ԱԱԾ-ն բնականաբար պետք նյութեր կազմի, ու եթե պարզվի, որ հեղափոխությունը տեղի է ունեցել այդպես, դավադիրները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն. «Եթե որևէ անձ շարունակաբար հայտարարություններ է անում և հրաժարվում է գնալ ԱԱԾ փաստեր ներկայացնել, թող հրապարակային ներկայացնի դրանք: Մարդիկ պետք է հստակ իմանան՝ կա դավադրություն, թե՝ ստախոսություն»:
Ինչ վերաբերում է նրան, որ այդ հայտարարությունները քաղաքական են, Փաշինյանը նշել է, որ ինքն էլ քաղաքական հայտարարություն է անում, որ այդ մարդիկ օտարերկրյա գործակալներ են և նրանք դավադիր պատերազմի հրձիգներ են. «Ես չեմ ուզում այլ հայտարարություններ անել՝ ասելով, որ այդ մարդիկ, քաղաքական ուժը քաղաքական հոգևարքի մեջ են: Բայց ես պատրաստ եմ մեր երկրի ազգային անվտանգության շահերը պաշտպանել, ու մեր գործողություններն ուղղված են դրան: Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում իրավապահներին հանցագործության մասին հաղորդում տալու, ուրեմն նա շառլատան է»: