Գագիկ Ծառուկյանը Երևանում տրանսպորտի խնդրի լուծումը տեսնում է էլեկտրական ավտոբուսներ ներկրելու մեջ, որոնք տեղափոխում են 90-100 մարդ ու արժեն մոտ 90 հազար դոլար: Նրա խոսքերով, նման ավտոբուսներ ներկրելու դեպքում դրանք մեկ տարվա մեջ կհանեն իրենց գինը: Դրան գումարվում է նաև այն, որ ավտոբուսների գումարը միանգամից չեն ուզում:
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Մարզահամերգային համալիրում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանը խոսեց նաև Արցախի խնդրի մասին՝ հայտարարելով, որ մեր ժողովուրդը վաղուց լուծել է այդ հարցը, մնում է, որ այն միջազգային ճանաչում ունենա. «Մինչ այդ մենք պետք է ուժեղ լինենք, հզոր պետություն ունենանք, զարգացած տնտեսություն ունենանք, որովհետև ուժեղի հետ են հաշվի նստում»:
ԲՀԿ առաջնորդն անդրադարձավ նաև զինծառայությանը՝ հայտարարելով, որ 18 տարեկանները սահման չպետք է պահեն, դա պետք է անեն պայմանագրային զինծառայողները, ովքեր դրա համար նորմալ աշխատավարձ կստանան. «Մեր երիտասարդները դուխով են, հավատով են, հզոր են: Թող Աստված պահապան լինի նրանց, ես նրանց ցավը տանեմ»:
Ինչ վերաբերում է ընտրություններին, Ծառուկյանը հայտարարեց, որ կստանա այնքան ձայն, որքան իրեն կվստահեն, սակայն, անկախ արդյունքներից, շարունակելու է անել այն, ինչը մինչ հիմա արել է: