Հասարակություն 

Ավետիսյանից և Գրիգորյանից բացի այլ մարդիկ չեն դիմել մեզ պետությանը գույք հանձնելու հարցով. Բաբայան

analitik.am

Նախ պետք է  դիրքորոշում լինի իրավապահների կողմից, որից հետո կառավարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը՝ խոսելով Արմեն Ավետիսյանի և Մանվել Գրիգորյանի այն գույքի մասին, որը վերջիններս որոշել են տալ պետությանը:

Կոնկրետ «Գոլդեն Փելեսի» մասով Բաբայանն ասաց, որ ընթացակարգ է մշակվում, որից հետո կառավարության համապատասխան որոշման նախագիծ կներկայացվի, որի ընդունման դեպքում կընդունվի որոշում նվիրատվության մասին, որից հետո էլ համապատասխան նոտարական ընթացակարգեր կլինեն ու այն կլինի պետական գույք:

Բաբայանի խոսքերով, թե Արմեն Ավետիսյանի, թե Մանվել Գրիգորյանի գույքի մասով, որոնք նրանք պատրաստակամություն են հայտնել փոխանցել պետությանը, իրավապահների գնահատականները կարևոր են, որովհետև չի բացառվում, որ տվյալ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել: Իսկ եթե դրանք ապօրինաբար են ձեռք բերվել, դրանք ոչ թե որպես նվեր կընդունվեն, այլ կբռնագանձվեն. «Մյուս կողմից կառավարությունն ինքն է քաղաքական որոշումը կայացնում՝ հաշվի առնելով կամ չառնելով իրավապահների որոշումը. Հիմա սպասում ենք վերջնական հանձնարարականին»:

Կոնկրետ Մանվել Գրիգորյանի գույքի մասով դեռ որոշում չկա:

Հարցին, թե կան արդյո՞ք այլ մարդիկ, ովքեր պատրաստակամություն են հայտնել գույք փոխանցել պետությանը, ինչպես օրեր առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, Բաբայանն ասաց, որ իր ղեկավարած վարչությունում դեռ այդպիսի դիմումներ չկան, սակայն ինքը չի բացառում, որ նման մարդիկ կարող են լինել, ովքեր հնարավոր է, որ դիմած լինեն օրինակ իրավապահներին:

Նույն շարքից