Գլխավոր Իրավական 

Այսօր իրավիճակն ավելի վատ է, քան՝ նախորդ իշխանությունների ժամանակ. Քոչարյանի փաստաբան

analitik.am

Ինչպես գիտեք, Վերաքննիչ քրեական դատարանում դեկտեմբերի 4-ին ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը, իսկ դատարանի որոշումը հրապարակվելու է դեկտեմբերի 7-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Ալումյանը հիշեցրեց, որ նույն օրը՝ դեկտեմբերի 4-ին, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ քարոզարշավի շրջանակներում և սպառնալիքներ հնչեցրեց դատական համակարգի հասցեին. «Մենք գտնում ենք, որ սա պատահական չէ: Գտնում ենք, որ այդ սպառնալիքներն իրականում ուղղակի վերաբերում են այն դատարանին և այն դատավորին, որը պետք է պարոն Քոչարյանի վերաբերյալ որոշում կայացնի»:

Ալումյանի խոսքերով, այսօր իրավիճակն ավելի վատ է, քան՝ նախորդ իշխանությունների ժամանակ. «Եթե այս իշխանությունները ցանկանում են տարբերվել նախորդներից, առաջին հերթին պետք է բացառվեն ճնշումները դատարանների վրա, չպետք է թշնամանք գեներացվի դատավորների նկատմամբ, նրանք չպետք է զգան, որ հայտնվելու են թիրախում, եթե հանկարծ որոշեն, որ պետք է ազատ արձակեն պարոն Քոչարյանին: Չի կարելի այդպես վարվել դատական համակարգի հետ: Ճիշտ է՝ այսօր կա հանրային պահանջմունք, որպեսզի իշխանությունները ճնշեն դատարաններին, բայց դա չպետք է արվի: Նրանք, ովքեր համարում են, որ կարող են 1-2 անգամ թեկուզ լավ նպատակով ճնշել դատարաններին, հաշվի չեն առնում, որ վաղը նույն տրամաբանությամբ իրենք են հայտնվելու դատարանի առաջ և այդ մեխանիզմները գործելու են նրանց նկատմամբ: Նրանք դա չեն հասկանում: Ես կոչ եմ անում այս ոճից հրաժարվել, այլևս երբեք դատարանների վրա ճնշում չգործադրել»:

Փաստաբանը պնդում է, որ հանրային ճնշումն ամենամեծ ճնշումն է, որը հնարավոր է կիրառել դատավոևրների նկատմամբ։

Ալումյանը նաև հայտնեց, որ իշխանական ճնշումներին ենթարկվող դատավորները հետագայում դառնում են կոռումպացված և կա նաև հակառակը՝ հենց կոռումպացված դատավորներն են ամենահեշտը ենթարկվում իշխանական ճնշումներին:

Նույն շարքից