Քաղաքականություն 

Մենք բացել ենք տասնյակ հազարավոր քաղաքացիների աչքերը․ Արմեն Աշոտյան

analitik.am

Այս երկու շաբաթվա ընթացքում մեզ հաջողվել է բացել հազարավոր մարդկանց աչքեր մեզ շրջապատող իրականության վրա, մեզ հաջողվել է կիսել մեր մտահոգությունները, տեղ հասցնել մեր քաղաքական ուղերձները: Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը, ում խոսքերով, ՀՀԿ-ն կարողացավ դառնալ երկրում գործող երկու կարևորագույն ուժերից մեկը:

ՀՀԿ-ականը նշեց, որ այսօր Հայաստանում կա ատելության, անհանդուրժողականության, քաղաքական այլատյացության մթնոլորտ, որի հեղինակը և գլխավոր թողարկիչն անձամբ Նիկոլ Փաշինյանն է:

Բանախոսը հայտնեց, որ այս ընթացքում ՀՀԿ-ն բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել, օգտագործել է քարոզչական բոլոր հարթակներն իրենց ուղերձները, մտահոգությունները տեղ հասցնելու համար, որոնք բուն են դրել քաղաքացիների սրտում. «Եթե ընտրարշավը լիներ ավելի երկար, ինչպես սովորաբար լինում է, վստահորեն կարող էինք փաստել, որ մտահոգ քաղաքացիների շարժումը վեր է ածվում լուրջ քաղաքական երևույթի: Թեպետ այսօր ես փաստում եմ, որ մենք հավակնում ենք տասնյակ հազարավոր ձայների, հավակնում ենք խորհրդարանում լինել որպես սկզբունքային և արմատական ընդդիմություն»։

Աշոտյանի խոսքերով, իրենք մինչ այս՝ չսպասելով ընտրություններին կառուցողական քննդատության են ենթարկել գործող իշխանությունների թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում թույլ տված սխալները. «Մենք դեռ ունենք երկու օր և այդ ընթացքում ավարտուն տեսքի կհասնցնեք այն քաղաքական ուղերձները, որոնք դրդել են մեզ մասնակցել այս ընտրապայքարին՝ անկախ այն հանգամանքի, որ ունենք անհավասար հնարավորություններ»:

Ինչ վերաբերում է ընտրություններին, ՀՀԿ-ականի խոսքերով, դրանց ազատությունն արդեն հարցականի տակ է, քանի որ քաղաքացիների նկատմամբ խայտառակ ճնշումներ են գործադրվում. «Այս ընտրությունները չեն լինի նաև կատարյալ արդար, քանի որ կիրառվում է վարչական ռեսուրս իր մրցակիցների բերանը փակելու համար»:

Աշոտյանը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի արձակուրդի մասին՝ նշելով, թե ցավալի է, որ վերջինս անտեսել է Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերները, վերցրել է արձակուրդ և մասնակցում է քարոզարշավին. «Սա նշանակում է, որ երկրի ղեկավարությունը ստանձնելու է մի քաղաքական ուժ, որն անձնական նեղ շահերը գերադասում է պետական և ազգային շահերին: Այս ընթացքում բազմաթիվ մարտահրավերներ են եղել: Բավական է նշել միայն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը: Ակնհայտ է, որ ՀՀ գործող իշխանություններն ադեկվատ չեն Հայաստանին նետված մարտահրավերներին»:

Նույն շարքից