Հասարակություն 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բուժումից վերադարձած զինվորականներին

analitik.am

Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած երեք զինվորականների, որոնք օրերս վերադարձել են Հնդկաստանից` ավարտելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ` վերջույթների պրոթեզավորման հետ առնչված բուժումը:

Երկու տարի առաջ մեկնարկած այս ծրագրի շրջանակներում սա Հնդկաստանում բուժում ստացած զինվորականների չորրորդ խումբն է:

Հանդիպմանը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց զինվորականների բուժման ընթացքի վերաբերյալ: Իրենց հերթին Զինվորականները խորին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրենց բուժումը Հնդկաստանում կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ իրենց առավել ուժ և զորություն է հաղորդում այն իրողությունը, որ Հայոց Եկեղեցին մշտապես հայ զինվորականի կողքին է իր օրհնությամբ և աջակցությամբ: Նրանք մասնավոր գոհունակությամբ փաստեցին նաև բուժման ընթացքում Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում եկեղեցական վարչության, տեսչության և աշակերտության կողմից իրենց նկատմամբ դրսևորված հյուրընկալության և ընտանեկան ջերմ մթնոլորտի մասին:

Այնուհետև հայրենյաց պաշտպաններին իր օրհնությունը բերեց Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը` հետաքրքրվելով նրանց առողջական վիճակով, բուժման արդյունավետությամբ և Հնդկաստանում կեցության պայմաններով: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ զինվորականներն այս ծրագրի արդյունքում կարողանում են վերագտնել իրենց հույսի և լավատեսության ոգին ու շարունակել իրենց ծառայությունը հայրենիքին:

Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ Մայր Աթոռը շարունակելու է այս ծրագիրը` իր օգտակարությունը բերելով մարտական գործողություններում վիրավորում ստացած զինվորներին:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքի խոսքն ուղղեց Վրթանես եպիսկոպոսին, ինչպես նաև հանդիպմանը ներկա Հնդկահայոց հոգևոր հովիվ, ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանին, Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության փոխատենապետեր Սունիլ Սոբթիին և Սյուզան Ռուբենին:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց զինվորականներին` հայցելով Ամենակալ Տիրոջ հովանին հայրենիքի խաղաղության և հայոց զինվորների անվտանգ ծառայության համար:

Նույն շարքից