Հ1-ի հայտնի դեբատից հետո այլանդակ քարոզարշավ է սկսվել մեր դեմ ԲՀԿ-ի և Սասնա ծռերի կողմից: Այս մասին հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ով հույս ունի, որ իրենք լինելու են խորհրդարանում երկրորդ ուժը:
Մարուքյանի խոսքերով, հիմա քաղաքացին պետք է կարողանա թացը չորից զատել, տեսնի, թե ինչեր են անում իրենց ձայնը լռեցնելու համար, իսկ իրենց ձայնը ՀՀ քաղաքացիների ձայնն է. «Ես հստակ հարց եմ բարձրացրել՝ կամ քաղաքական համակարգն առողջանում է, կամ հին համակարգը պահպանվում է: 2000-ականներից ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է: Ինչ-որ մեկը կարող է արդյոք ինձ բացատրել նրանց՝ երկրորդ քաղաքական միավորը լինելու հիմնավորումը: Եթե գոնե մեկը կարող է հիմնավորել, ես կլռեմ: Ի՞նչ է արել ԲՀԿ-ն, ջո՞ւր է բերել հեղափոխությանը: Մարդիկ Սերժ Սարգսյանին են ընտրում հետո ասում են, որ հեղափոխության են մասնակցել»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, Մարուքյանը նշել է, որ այդ կուսակցությունը չի կարող լինել ընդդիմություն, այն չունի ընկալում ժողովրդի մեջ. «ՀՀԿ-ն դեռ իշխանությունից չի հեռացել, Հայաստանի գյուղերում համայնքապետերի կեսը Հանրապետական են, Վանաձորում մանդատագող ՀՀԿ-ական քաղաքապետ կա: Դա կարող է ազդել ընտրությունների վրա, նրանք լծակներ ունեն: Դրա դեմը պետք է առնել: Մարդիկ չեն հեռացել, ուզում են դառնալ ընդդիմություն, ընդդիմություն դառնալու համար նախ պետք է հեռանալ»:
Մարուքյանը համաձայն չէ, որ Նիկոլ Փաշինյանը, քննադատելով ՀՀԿ-ին, օգնում է վերջիններիս հայտնվել խորհրդարանում. «Ընդհակառակը, Փաշինյանը ՀՀԿ-ին ոչնչացնում է մինչև վերջին խազը»: