Սիրելի մտահոգ քաղաքացիներ, սիրելի լոռեցիներ, երկու օրից դուք կարեւոր ընտրություն եք կատարելու: Ընտրելու եք այն մարդկանց, ովքեր ձեր շահերը պետք է պաշտպանեն, ձեր ձայնը պետք է հնչեցնեն ապագա խորհրդարանում:
Վերջին 11 տարիներին ես եղել եմ ԱԺ պատգամավոր, ձեր աչքի առջեւ է իմ աշխատանքը: Հնարավորինս աջակցել եմ ձեր խնդիրների լուծմանն այնքանով, որքանով օրենքի շրջանակներում դա եղել է իմ լիազորությունների շրջանակում:
Այսօր ես այլեւս իշխանություն չեմ: Այսօր ձեր խնդիրների լուծման, մեր երկրի անվտանգության եւ բոլորիս բարեկեցության պատասխանատուն նոր իշխանությունն է: Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե կախարդական փայտիկ ունի եւ Հայաստանը թռիչքաձեւ զարգանալու է:
Անցել է 7 ամիս, բայց կախարդական փայտիկն այդպես էլ ի հայտ չի գալիս: Աշխատավարձերը չեն բարձրացել, կենսաթոշակները չեն բարձրացել, աշխատատեղեր չեն բացվել: Հակառակը հարյուրավոր պետական աշխատողներ զգուշացվում են, որ Նոր տարուց հետո աշխատանք չեն ունենալու, Լոռու մարզում գործարան փակվեց: Տնտեսությունը գահավիժում է, ներդրումները շեշտակի կրճատվում են, ապրանքները թանկանում են:
Սրան գումարած ինձ համար ամենակարեւորը. ազգային-քրիստոնեական արժեհամակարգի դեմ նոր ուժն ուղղակի եւ բացահայտ պատերազմ է հայտարարել: Այս ընթացքում բազմաթիվ առիթներ ունեցանք ապշելու, հիասթափվելու նորեկների բարոյական կերպարից:
Երկար կարելի է թվել այն մտահոգությունները, որոնց նկատմամբ անտարբեր չլինելը մղում է ինձ պայքարելու: Պայքարելու հանուն անվտանգ ու կայուն Հայաստանի, որպեսզի մարիխուանան չօրինականացնեն եւ մեր երեխաներին համասեռամոլություն չքարոզեն, որպեսզի պղծություն քարոզողներին որպես հայ մոր կերպար չպրոպագանդեն, որպեսզի ձեզ չմանիպուլացնեն:
Այս 7 ամիսներին դուք տեսել եք իմ աշխատանքը որպես ընդդիմություն:
Դեկտեմբերի 9-ին գնացեք ընտրության եւ տվեք ձեր քվեն թիվ 1-ին՝ այն ուժին, ում ներկայացրած մտահոգությունները դուք էլ եք կիսում:
Քվեարկեք այն թիմի օգտին, որն ունի համապատասխան գիտելիք եւ փորձառություն ոչ թե վարդագույն խոստումներ տալու եւ հետո բացատրելու, թե ինչու դրանք չիրագործվեցին, այլ պատասխանատու է, ընդունում է իր սխալները, դասեր է քաղում դրանցից եւ ուզում է իր քաղաքակական փորձառությունը, գիտելիքը ծառայեցնել մեր երկրի զարգացմանը:
Գնացեք ընտրության խաղաղ, առանց թշնամանքի, սիրով: Սա մեր երկիրն է եւ ատելությամբ, միմյանց թշնամանալով՝ հայրենիք չենք կառուցելու:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով