ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել է Գյումրի:
ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և լռությամբ ու խոնարհումով հարգել զոհերի հիշատակը: Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մատուցել է հոգեհանգստի կարգ:
Այնուհետև Արա Բաբլոյանն այցելել է Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակ, ծաղիկներ խոնարհել աշխարհահռչակ շանսոնյեի արձանին:
Այցի շրջանակում ԱԺ նախագահը դիտել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված ցուցադրական վարժանքը:
Ազգային ժողովի նախագահը մասնակցել է նաև «Սաստեքս» ընկերության Գյումրու մասնաճյուղի բացման արարողությանը, շրջել ձեռնարկության տարածքում, ծանոթացել պայմաններին:
Ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին, ներկայացնելով «Սաստեքս»-ի զարգացման հետագա քայլերը, նշել է, որ ընկերությունը փորձ է անում վերականգնել տեքստիլ արդյունաբերական երբեմնի ներուժը: Մասնաճյուղում այժմ աշխատում է 150 հոգի, կարվում է բանվորական հագուստ: