Դեկտեմբերի 4-ին Մարալիկում ավիավթարի արդյունքում զոհված օդաչուներից Բաբայան Արմենն անչափահաս տարիքում հոր հետ Արցախում մասնակցել է Արցախյան ազատամարտին, հետո ընդունվել է Ավիացիոն ինստիտուտ: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Եռաբլուրում տեղի ունեցավ զոհված օդաչուների հուղարկավորությունը:
Հովհաննիսյանը նշեց, որ Բաբայանը լեգենդար օդաչուական ընտանիքից է, նրա հորեղբայրը, ով Արցախում զոհվեց ավիավթարի արդյունքում, Ավիացիայի վարչության պետի տեղակալն էր եղել, ԽՍՀՄ-ում շատ հայտնի ինստրուկտոր-օդաչու է եղել. «Արմենը նրա եղբոր տղան էր, գնացել էր հորեղբոր ուղով: Նա ՍՈւ-25-ի օդաչուների մեծ մասի ինստրուկտորն է՝ լավագույններից մեկը, առաջին կարգի օդաչու: Ցավոք, ինչպես ասվում է, վթարի են ենթարկվում կամ գերպրոֆեսիոնալները, կամ սկսնակները: Արմենը մտավ այդ օրինաչափության մեջ»:
Ինչ վերաբերում է Մովսես Մանուկյանին, Հովհաննիսյանն ասաց, որ վերջինիս ավելի լավ գիտի. «Ես նրա և հոր, և հորեղբոր հետ ծառայել եմ: Նա էլ լեգենդար ավիացիոն ընտանիքից է: Նրա պապը, հայրը, մայրը, հորեղբայրը, հորաքրոջ տղան օդաչուներ են և ծառայում են մեր ԶՈ-ում: Անչափահաս տարիքից աչքը երկնքին հառած մեծացավ: Սա շատ մեծ կորուստ էր մեզ համար: Ճիշտ է՝ ասում են, որ օդաչուները չեն մահանում, նրանք գնում են ու ետ չեն գալիս, բայց սա կորուստ է մեզ համար: Հուսով եմ, որ մեր նոր սերունդը կձգտի նմանվել իրենց»:
Հովհաննիսյանի խոսքերով, Արմեն Բաբայանը բոլոր օդաչուներին շատ լավ է վերաբերվել, իր հարազատ երեխաների նման, ընկերական: