Մեծ ակնկալիք ունեմ, որ այսօր մեր հանրությունն ակտիվ կմասնակցի ընտրություններին, ինչը շատ կարևոր է: Հատկապես երկրի համար վճռորոշ պահին պետք է համախմբվածություն, և անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, ինչը կարել է անել, տանը նստելն է, պետք է գնալ ու մասնակցել ընտրություններին: Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ առաջին համար Վիգեն Սարգսյանը, ով րոպեներ առաջ կատարեց իր ընտրությունը:
Սարգսյանի խոսքերով, կարևոր է, որ քաղաքացիները մասնակցեն ընտրություններին, ձայնը տան այն ուժին, որի հետ կապում են երկրի ապագան. «Երկրորդ բանը, որն ակնկալում եմ, օրվա վերջում ավելի համախմբված հասարակություն ունենալն է: Ես քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, քանի որ դա ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձևավորում, իսկ պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է, որ կարող է լինել: Մեզ պետք է ավելի ամուր, համախմբված, արագ տեմպերով զարգացող երկիր: Մեր մարտահրավերները շատ մեծ են, մեր ունեցած հնարավորություններն այդ մարտահրավերներից ավելի փոքր են: Ես ակնկալում եմ, որ այսօրվա քվեարկությունից հետո կունենաք երկիր, որտեղ մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերում կհենվենք գիտելիքի, փորձերի, հետևողականության վրա»:
Սարգսյանը նշեց, որ քարոզարշավի ժամանակ ակտիվ շփումներ են ունեցել ընտրողների հետ և՛ հեռուստատեսության միջոցով, և՛ տեղերում. «Մենք հույս ունենք, որ մոտեցումները, մտահոգությունները հասել են հասարակությանը, և հասարակությունը կվստահի մեզ, ձայն կտա ՀՀԿ-ին՝ հավասարակշռող ուժին»:
ՀՀԿ առաջին համարը հույս հայտնեց, որ առավոտյան քաղաքացիները կարթնանան մի Հայաստանում, որտեղ ընտրությունների արդյունքներն ընդունելի կլինեն բոլորի համար, իսկ եթե բողոքարկելու հիմքեր լինեն, կբողոքարկեն։