Մենք հենց առաջին օրվանից Նիկոլ Փաշինյանի կողքին ենք եղել, ձայն ենք տվել, ստորագրություն ենք հավաքել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ կրկին բողոքելով լրագրողների աշխատանքից՝ հայտարարելով իբր լրագրողները ճիշտ, քաղաքական հարցեր չեն տալիս:
Հարցին, թե ինչո՞ւ այսքան ժամանակ չեն քննադատել Փաշինյանին, Ծառուկյանը նշել է, թե ինչ քննադատի, եթե նրա աջակիցն է եղել:
ԲՀԿ առաջնորդի խոսքերով, դեռ նոր է սկսվում Փաշինյանի կառավարումը, պետք է վերջինիս հնարավորություն տրվի աշխատելու համար. «Եթե ցանկանում ենք, որ ինչ-որ լավ բան լինի, պետք է միասնական լինենք, ոչ թե իրար վրա ցեխ նետենք»:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, Ծառուկյանը նշել է, որ իրավապահ մարմինները պետք է համապատասխան հիմնավորեն. «Այդ հարցն իրավական դաշտում է: Ամեն ինչ կպարզվի, կճշտվի, համապատասխան բոլորն էլ կիմանան»:
Քոչարյանի այն հայտարարություններին, թե դա քաղաքական ճնշում է, ճնշում կա նաև դատարանների վրա՝ Ծառուկյանն արձագանքել է հայտարարելով, որ քննությունն ամեն ինչ ցույց կտա՝ հիշեցնելով, որ երկրորդ նախագահի թիմը նաև հայտնել է ՄԻԵԴ-ին դիմելու մասին. «Կա օրենք, որի առաջ այս երկրում բոլորը հավասար են: Եթե մեղավոր է, կպատժվի, եթե ոչ՝ կարդարացվի: Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»:
Հարցին, թե ինչո՞ւ է նա, խոշոր սեփականատեր լինելով ցանկանում գնալ խորհրդարան, Ծառուկյանը, դիմելով հարց տվող լրագրողին, ասել է. «Որ քո պես երիտասարդի ընտանիքը լավ ապրի, որ քո երեխան լավ ապագա ունենա: Մարզեր մտնում ես, լացդ գալիս է, սիրտդ լցվում է: Մարդիկ կան, որ իրենց կյանքը չեն կարողացել բարեկեցիկ դարձնել, խոսում են պետությունը բարեկեցիկ դարձնելու մասին: Աշխարհում ամենահաջողակ քաղաքական գործիչները խոշոր սեփականատերերն են»: