Հասարակություն 

Ես չեմ արել մի բան, որի համար ծնողներս, ընտանիքս կամաչեն. Արթուր Վանեցյան

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով օրեր առաջ տարածված գաղտնալսման ձայնագրության մասին, հայտնեց, որ այն մասամբ մոնտաժված է. «Այն մասերը, որոնք գաղտնալսողին ձեռնտու չեն, հանած է»:

Ինչ վերաբերում է իր և վարչապետ Փաշինյանի խոսակցությանը, Վանեցյանը նշեց, որ վերջինիս ինչ-որ բան զեկուցելիս չի մանրամասնում, թե որտեղի է ստացել այս կամ այն ինֆորմացիան, ով է զանգել ասել և այլն. «Հակիրճ զեկույց է ներկայացվում: Այստեղ կարևոր է ֆիքսել վարչապետի խոսքը, որ պետք է ապահովել դատարանի անկախությունը, որ որևէ մեկը չփորձի ճնշում գործադրել դատարանի վրա»:

Ցանկանալով փակել թեման՝ Վանեցյանը նշեց, որ կա գաղտնալսում, կա իր խոսակցությունը, ինքը որևէ բան չի արել, ինչից կամաչի որպես ԱԱԾ տնօրեն, որի համար կամաչեն իր ծնողները, ընտանիքը. «Ինչ եղել է, եղել է, սարսափելի բան չի եղել, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»:

Վանեցյանը չի կարծում, որ ԱԱԾ տնօրենի հեռախոսի գաղտնալսումն ազգային անվտանգության սպառնալիք է. «Ողջ աշխարհում, այսօրվա զարգացած տեխնիկայի պարագայում հնարավոր է գաղտնալսել: Մերկելին էլ են լսել, Չինաստանի ղեկավարին էլ են լսել, բոլորին էլ լսել են, մի մասին էլ լսել են, բայց չեն ասել: Ազգային անվտանգության սպառնալիք կլինի, եթե մեր երկրի սահմանները լինեն անհանգիստ, եթե պատերազմական գործողությունների նախապատրաստում լինի ու մենք չիմանանք»:

Նույն շարքից