Դավիթ Շահնազարյանին ծանուցագիր ենք ուղարկել, նա հրավիրվել է ԱԱԾ իր կողմից արված առերևույթ հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, նա չի ներկայացել ԱԱԾ, չի ներկայացրել իր հայտարարությունների վերաբերյալ հիմնավոր փաստարկ, այլ ասել է, որ դա քաղաքական հայտարարություն է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով կոչ է արել բոլորին, ովքեր տեղեկություններ ունեն Հայաստանին կամ Արցախին սպառնացող որևէ երևույթի մասին, դիմել ԱԱԾ և տալ համապատասխան հաղորդում:
Ինչ վերաբերում է կոնկրետ Դավիթ Շահնազարյանին, Վանեցյանի խոսքերով, նրա չներկայանալը փաստացի ցույց է տալիս այն, թե ինչ նպատակներ է ունեցել նրա հայտարարությունը. «Նրան բերման ենթարկելու հիմք չունենք: Եթե մարդը հայտարարություն է անում, սակայն չի գալիս իր հայտարարությանը պաշտոնական տեսք տալու, բերման ենթարկելու հիմք չկա: Բոլորը կգնահատեն՝ նրա հայտարարություններն իրականությանը համապատասխանում են, թե՝ ոչ, արժեք ունեն, թե՝ ոչ»:
Դավիթ Շահնազարյանի գնահատականների մասով, որ ԱԱԾ-ն վերածվել է պատժիչ մարմնի, Վանեցյանը նշեց, որ գնահատականը տալիս է հասարակությունը, որի շատ մեծ հատվածը վստահում է այդ մարմնին. «Խրոխտ ձայնով և լուրջ դեմքի արտահայտությամբ արված հայտարարությունները միշտ չէ, որ շատ լուրջ պետք է ընդունել»: