Ընտրել եմ հանուն մեր երկրի ապագայի: Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ առաջին համար Արմեն Ռուստամյանը՝ ցանկություն հայտնելով, որ ժողովրդի ակնկալիքներն իրականություն դառնան, մարդիկ չհիասթափվեն. «Քվեարկեցի հանուն հայի հոգու»:
Քարոզարշավի մասով Ռուստամյանն ասաց, որ ժամանակը շատ քիչ էր՝ հիշեցնելով, որ սրանք առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են Հայաստանի համար. «Ասլեիքը շատ էր: Մենք այս անգամ հնարավորինս լայն ճակատով աշխատեցինք և կարողացանք տեղ հասցնել մեր ասելիքը»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, որ չի ցանկանում գնահատականներ տալ՝ հարցը թողնելով իրավաբաններին ու դատարաններին. «Մենք հետևելու ենք գործընթացներին և մեր գնահատականները կտանք: Կարծում եմ, որ այդ դատաքննությունն այնքան մեծ հնչեղություն ու նշանակություն ունի, որ ամեն ինչ պետք է կատարվի շատ բծախնդրորեն՝ հարգելով օրենքի տարրն ու ոգին»:
Հարցին, թե ինչու նախորդ անգամ քննադատեցին, սակայն այս անգամ զերծ են մնում գնահատականներ տալուց, Ռուստամյանը նշեց, որ իրենց մոտեցումները պահպանել են. «Նախորդ անգամ տպավորություն էր ստեղծվել, թե մենք պաշտպանում ենք Ռոբերտ Քոչարյանին: Այստեղ պաշտպանելու հարց չկա: Մեր դատական համակարգն ու արդարադատությունը պաշտպանելու հարցն է, նույն տրամաբանությունը շարունակում ենք: Հայտարարություն չենք արել՝ ելնելով ընտրությունների փաստից, մանավանդ, որ լռության օր էր»։
Խոսելով իրենց շանսերի մասին՝ ՀՅԴ-ականը նշեց, որ վերջին մի քանի ընտրություններում իրենց մասով բոլոր հարցումները չեն արդարացվել, միշտ ասվել է, որ ՀՅԴ-ն չի հայտնվի խորհրդարանում, սակայն տեղի է ունեցել հակառակը, այդպես կլինի նաև այս անգամ. «ՀՅԴ-ն համահայկական կառույց է, որի ապագան կախված չէ ընտրությունների արդյունքներից: Որտեղ էլ լինի կուսակցությունը, շարունակելու է իրականացնել իր ծրագրերը: Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, ապա մենք այլևս երբեք մաս չենք կազմի մի կոալիցիայի, որտեղ մեր ձայնը վճռորոշ չի լինի»: