Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացված դատավճռով իմ վրա արյան մեղադրանք չի եղել: Ինչպես գիտեք ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը, դրանք ցույց են տալիս, որ 2008 թվականի իրադարձությունների վերաբերյալ նախորդ իշխանությունների վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է: Իրական պատկերն, ըստ էության, պարզ է, մանրամասներն ու պատասխանատուները կբացահայտվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, որով վերջինս հայտարարել էր, որ Մարտի 1-ի իրական պատասխանատոևները փորձում են մեղադրել իրեն և մաքրվել արյունից:
Փաշինյանը նշեց, որ Մարտի 1-ի ժամանակ ՀՀ 10 քաղաքացի է սպանվել, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով ներքաղաքական պորցեսների մեջ, ապացույցները կեղծվել են:
Ընտրությունների մասով վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ քվեարկել է հանուն ազատ, հզոր ու երջանիկ Հայաստանի, իսկ ընտրությունների ընթացքի մասով կարծես թե խնդիրներ չկան:
Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի հնարավոր կիրառմանը, Փաշինյանը նշեց, որ նման երևույթների դեպքում մեղավորները կպատժվեն:
Վերադառնալով Քոչարյանի թեմային և մասնավորապես վերջինիս հայտարարությանը, որ ինքը տեղյակ չի եղել 0038 գաղտնի հրամանի մասին՝ վարչապետ հստակ պատասխան չտվեց, սակայն նրա խոսքից կարելի էր հասկանալ, որ նա արժանահավատ չի համարում դա:
Փաշինյանը խոսեց նաև գաղտնալսման հրապարակման և այն մեղադրանքների մասին, որ ինքը ցուցումներ է տալիս դատական համակարգին: Վարչապետի պաշտոնմակատարը մասնավորապես նշեց, որ դատական համակարգին երբեք որևէ ցուցում չի տրվել, դա չի արչել նաև Քոչարյանի դատավարության գործով. «Հեռախոսազրույցների այն հատվածը, որտեղ ապացուցվում է դա, կտրված է, մոնտաժված է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ դատական համակարգը երբեք ավելի անկախ չի եղել, քան՝ այսօր»:
Փաշինյանի խոսքերով, Քոչարյանի գործը կապ չունի ընտրությունների հետ, այն սկսվել է վաղուց. «Եթե չեմ սխալվում, գործը սկսվել է 5 ամիս առաջ, այն կապ չունի ընտրությունների հետ, ուղղակի քննությունը շարունակվում է»: