Քաղաքական 

Լավ արդյունք տալու ելքը բոլորով մենք դառնալն է․ Արամ Սարգսյան

Գիտեք ինչքան եմ երազել այսօրվա մասին, որ մեր ժողովուրդն առանց խախտումների, առանց փող վերցնելու, առանց ճնշումների, հանգիստ, իր կամքով գա ընտրության։ Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Մենք» դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանը՝ նշելով, որ եկել է ընտրության շատ լավ տրամադրությամբ․ «Միշտ գերկարևոր եմ համարել արդար ընտրությունները։ Երկրում արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչ տեղը կընկնի։ Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ լավ արդյունք տալու ելքը բոլորով մենք դառնալն է»։

Սարգսյանը նշեց նաև, որ քվեարկել է միանշանակ հանուն այսօրվա և ապագայի, և անցյալի թողած լավ հիշողությունները վառ պահելու և դրանք շարունակելու։

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, «Մենք» դաշինքի առաջին համարն ասաց, որ իր մասնակցած ընտրությունների լավագույն քարոզարշավն է եղել․ «Քարոզիչների հավասարության, հնարավորությունների և ամեն ինչի առումով։ Միակ թերությունը, որից բողոքել ենք կարճ ժամանակն էր։ Միգուցե դա մեր համար նշանակություն ուներ, որովհետև «Մենք» դաշինքը նոր ձևավորված էր, բայց մնացած առումներով, նրանք, ովքեր արդեն հանրությանը հայտնի էին, իրենց համար դա խոչընդոտ չի, այդ թերությունը միայն մեզ էր վերաբերում»։

Հարցին, թե Հանրապետական կուսակցությունը բարձրաձայնում էր պաշտոնեական դիրքի չարաշահումների և այլնի մասին, արդյո՞ք ինքն այդպիսի բաներ նկատել է, Սարգսյանն ընդգծեց, որ ցանկացած մեկը կարող էր դա բարձրաձայնել, բացի հանրապետականից․ «Այդ առումով իրենք լավ կանեն լռեն, սիրուն չի, ինչպես կասեր իրենց կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը»։

Նույն շարքից