Քաղաքական 

Ինչու քրեական գործ չի հարուցվում Սերժ Սարգսյանի նկատմամբ․ Պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը

Եթե սոցիոլոգիական հարցումներն արտահայտում են ժողովրդի կամքն ու պատկերացումները կոալիցիա չի լինի: Այս մասին հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է մանսավորապես ԲՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, որ մարզպետներն աշխատում են վարչապետի գլխավոր ուժին ձայներ բերելու համար, Փաշինյանը նշեց, որ գրեթե բոլոր մարզպետները թեկնածու են, տրամաբանական է, որ նրանք մասնակցում են քարոզարշավին, սակայն եթե օրենքի խախտում կա, կարող են դիմել համապատասխան մարմիններին:

Փաշինյանի խոսքերով, օրենքը չի արգելում մարզպետին լինել թեկնածու, նրանք արձակուրդի մեջ են ու մասնակցել են քարոզարշավին, ինչը նորություն չէ Հայաստանում:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվում, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ևս մեկ ապացույցն է այն բանի, որ քննչական մարմինները գործում են ոչ թե ըստ իր հայտարարությունների, այլ իրենց տրամադրության տակ գտնվող փաստերի:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ գործարարները ճամպրուկներով գումար են տարել Բաղրամյան 26:

Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե մարզպետի մակարդակով ներքին հրաման է եղել համայնքապետերին հնարավորինս շատ ձայն հավաքել «Իմ քայլը» դաշինքի համար, դաշինքի առաջին համարն ասաց, թե իր բոլոր մարզային հանդիպումների ժամանակ քաղաքացիներին ասել է, որ որևէ մեկն իրենց չի կարող ասել, թե ում օգտին քվեարկեն. «Դրանով ամեն ինչ ասված է»:

Փաշինյանը խոսեց նաև այն մասին, որ որոշ մարդիկ իրեն մեղադրում են Արցախի մասով դավադրությունների մեջ՝ հայտարարելով, որ ԱԱԾ-ն ուզում է բացահայտի այդ պետական դավաճանությունը. «Իսկ պետական դավաճանություն թաքցնելը, պետական դավաճանություն չէ՞: Եթե մեկը պետական դավաճանության փաստը թաքցնում է, ուրեմն նպաստում է, օժանդակում է պետական դավաճանությանը, հետևաբար նրանք, ովքեր մեզ մեղադրում են պետական դավաճանության մեջ, պետական դավաճաններ են, որովհետև չեն գնում ԱԱԾ: Կամ թող ասուլիս հրավիրեն, մանրամասներ ներկայացնեն: Թող ընտրություններից առաջ մարդկանց տեղեկացնեն այդ մասին, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ անեն»:

Նույն շարքից