Ընտրախախտումների դեպքերի արձանագրման մասին Analitik.am-ը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ, կուսակցության նախընտրական քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանի հետ, ով ասաց, որ մամուլը հեղեղված է ընտրախախտումների մասին տեղեկություններով. «Խախտումներ կան Հայաստանով մեկ: Մի քանի բան արդեն ակնհայտ է, որ ընտրությունների նկատմամբ վերահսկողությունն, ըստ ամենայնի, դիտավորյալ շատ թույլ է, և տրամաբանության մեջ ով ինչ կարողանում, անում է, մարդիկ շարունակում են ապօրինի քարոզչությունը՝ հատկապես ընտրատեղամասերի մոտ»:
Աշոտյանը նաև նշեց, որ քարոզչութամբ ու հակաքարոզչությամբ հիմնականում զբաղվում է «Իմ քայլը» դաշինքը. «Շատ մտահոգիչ են զինվորների քվեարկության հետ կապված ահազանգերը, մտահոգիչ են նաև քվեարկությունն ուղորդելու փորձերի մասին ահազանգերը: Նկատելի է նաև այն, որ խախտվում են քվեաթերթիկների դասավորվածությունը. Բազմաթիվ ընտրատեղամասերում, հատկապես Երևանի կենտրոնում տեղակայված ընտրատեղամասերում, 4-րդ քվեաթերթիկը դնում են կապոցի վրա, ապա նոր տալիս են ընտրողներին: Մենք ունենք նաև ահազանգեր, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները քարոզչությունը շարունակում են նաև քարոզչական նյութեր բաժանելով՝ այդ թվում ընտրատեղամասերից ոչ հեռու»: