Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը երազանք ունի, բայց վախենում է, տեսնենք դուխը կհերիքի՞. Դավիթ Շահնազարյան

analitik.am

Քարոզարշավը շատ մեծ խնդիրներ առաջացրեց գործող իշխանությունների համար, իսկ ընտրությունները Հայաստանի պատմության մեջ երբևէ եղած ամենախայտառակ ընտրություններն են: Այսօր՝ դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող Դավիթ Շահնազարյանը:

Շահնազարյանի խոսքերով, քարոզարշավը զուգորդվել է սպառնալիքներով, բռնություններով և իշխող ուժի կողմից տեղացող հայհոյանքներով. «Այսօր մեզ համար մեր երկրի, մեր ապագայի համար շատ կարևոր օր է, և ես կասկած չունեմ՝ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ՀՀ քաղաքացի, կատարելու են ճիշտ ընտրություն: Ես մի քվեաթերթիկը դրեցի ծրարի մեջ, երկուսն էլ ՝գրպանս, որովհետև չէի ուզում մյուսների նման նետել աղբարկղը, դրանք ցույց կտամ այսօր ժամը 20:00-ից հետո, ՀՀԿ գրասենյակում»:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ ԱԱԾ-ն հիմքեր չունի իրեն բերման ենթարկելու համար, Շահնազարյանը հայտարարեց, որ վերջինս դա չի կարող իմանալ, քանի որ ամեն ինչ Փաշինյանն է որոշում. «Այլ բան, եթե դեռևս նրան տեղյակ չի պահել: Իսկ որ Փաշինյանը նման բան երազում է, ես կասկած չունեմ, բայց վախենում է: Տեսնենք դուխը կհերիքի՞, թե՝ ոչ: Նա իրենից էլ է արդեն վախենում: Վանեցյանը նաև ասել է, որ ես մեղադրանք եմ հնչեցրել, բայց հիմքեր չկան: Ես հայտարարում եմ, որ Փաշինյանն իրականացնում է իշխանություն՝ Արցախի դիմաց քաղաքականություն և իմ ասուլիսում մանրամասն ներկայացրել եմ այն հիմքերը, փաստերը, որոնք ապացուցում են իմ ասածը: Ես իրավական մեղադրանք Փաշինյանին այդ առումով չեմ ներկայացնում: Հիմա ինքն իրեն մեղադրել է պետական դավաճանության մեջ: Նման տարրեր հավանաբար ԱԱԾ-ն է տեսել Փաշինյանի ասածից հետո, երբ ինձ հրավիրեցին ԱԱԾ: Դա կատարվեց այն բանից հետո, երբ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել էր, որ ինձանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, որն օպերատիվորեն կատարեց այդ հրահանգը: Փաշինյանին ես հրավիրել էի ուղիղ եթերում բանավեճի»:

Այն պահին, երբ լրագրողները զրուցում էին Շահնազարյանի հետ, ինչ-որ երիտասարդ փորձում էր խանգարել՝ վիրավորանքներ հասցնելով վերջինիս հասցեին, ով կոչ արեց ոստիկանությանը կատարել իրենց պարտականությունները՝ նշելով, որ հակառակ դեպքում ինքը դա կանի, ու կլինեն մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից