Քաղաքական 

Փաշինյանը գաղտնալսողներին թող իր քթի տակ փնտրի, ամեն ինչ ակնհայտ է. Դավիթ Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանը փորձ էր անում 94 ու 95 թվականներին ստորագրված եռակողմ փաստաթուղթը՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև, փոխարինել Դուշանբեում վերելակային պայմանավորվածությամբ: Ցավոք սրտի այն արդեն տեղ է գտել Միլանում եռանախագահողների հետ հանդիպումից հետո հայտարարությունում, ինչի մասին էլ էի ասել: Ես ցավում եմ, որ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարում է, որ ինքը ոգևորված է Ադրբեջանի իր գործընկերոջ հետ համաձայնության գալ եռանախագահողների տեքստի շուրջ: Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող Դավիթ Շահնազարյանը. «Այսինքն նա ոգևորված է, որ եռանախագահողների փաստաթղթում միջազգային կարգավիճակ է ստացել Դուշանբեի վերելակային հանդիպումը: Հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, դա է հիմքը դառնում, իսկ մեր ԱԳ նախարարը ոգևորված է: Ես մեծ կարծիք եմ ունեցել Զոհրաբ Մնացականյանի մասին որպես դիվանագետի, սակայն հիմա մտահոգված եմ, որ ՀՀ-ն ունի այդպիսի ԱԳ նախարար, ով չի կարողանում դիմադրել վարչապետի այդ քաղաքականությանը»:

Շահնազարյանն այսօր ևս կրկնեց իր այն թեզը, որ Փաշինյանին տրված ցանկացած ձայն կրակոց է Արցախի վրա. «Այսօր ընտրություն է ՀՀ քաղաքացու և էյֆորիայի, պատասխանատվության և ահավոր ծրագրեր ունեցող մեկ անձի միջև: Այսօր ՀՀ քաղաքացին կատարելու է իր ընտրությունը, բայց մի փոքր մաս կա, որը մոռացել է իր՝ ՀՀ քաղաքացի լինելու մասին ու գտնվում է էյֆորիայի տակ: Այն փաստարկը, որ Հանրապետական իշխանությունը վատն է, ուրեմն իրենք լավն են, ոչինչ չի նշանակում, դա փաստարկ չէ: Մենք ունենք մի իշխանություն, որն անպատասխանատու է, որն իրեն ծիծաղելի վիճակում է դրել միջազգային բոլոր հարթակներում: ՀՀ քաղաքացին արդեն դա տեսնում է: Ես վստահեցնում եմ, որ միջազգային հարթակներում հասկանում են՝ այսօրվա իշխանությունը չի ներկայացնում ՀՀ քաղաքացուն, այն ներկայացնում է էյֆորիան»:

Խոսելով գաղտնալսման մասին՝ Շահնազարյանը հայտարարեց. «Եթե Փաշինյանը ցանկանում է իմանալ, թե ով է գաղտնալսել, ասեմ՝ իմ կարծիքով, շատ հավանական է, որ գաղտնալսող ու հրապարակող սուբյեկտները նույն մարդիկ կարող են չլինել: Գաղտնալսողներին թող իր քթի տակ ման գա, ամեն ինչ ակնհայտ է»:

Շահնազարյանը նշեց նաև, որ իրեն որևէ մեկն ինֆորմացիա չի տվել գաղտնալսման մասին, ուղղակի ինքը տրամաբանում է:

Նույն շարքից