Դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ 144 հաղորդում է ստացվել, որից 36-ը` Երեւանում, 108-ը` մարզերում: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին ներկայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ 58 հաղորդում է ստացվել հանցագործության մասին, 86-ը հանցագործության հատկանիշներ առերեւույթ չպարունակող, սակայն ստուգման ենթակա այլ տեղեկություններ են` սարքի` մատնադրոշմը չընդունելու կամ կրկնակի ընդունելու պատճառով կրկնաքվեարկության, ավտոմեքենաների, քաղաքացիների կուտակումների, ընտրության կարգի վերաբերյալ պարզաբանումներ անելու եւ այլնի մասին ահազանգեր. «58 հաղորդումներից 7-ն ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, 1-ը` դատախազություն, 1-ը` Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, մնացած դեպքերով ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվում են նյութեր»։